ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ անհամաձայնություններ ունի սահմանազատման հետ, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում կա կոնկրետ քարտեզ, որով էլ աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են։
«Սահմանազատման աշխատանքն ունի հիմք և այդ հիմքը հանդիսանում է համապատասխան տարեթվի քարտեզը։ Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին և այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք։ Սահմանազատման հանձնաժողովի կազմում նաև կա Զինված ուժերի ներկայացուցիչ, որը շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը և լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները»,-ասել է Ասրյանը՝ բացառելով իր կողմից անհամաձայնություններ ունենալը, քանի որ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով։
«ՀՀ տարածքի հայտարարված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից ոչ մի թիզ չի զիջվելու»,-հավելել է նա:
Անդրադառնալով այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքներին, որոնք ադրբեջանական օկուպացիայի տակ են հայտնվել 2021-2022 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ՝ Էդվարդ Ասրյանը շեշտել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն սահմանազատման արդյունքում։