Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս հայտարարությունը նա արել է Ստամբուլում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումից հետո։
«Նույն ոգով և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ շարունակվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Վերջին չորս տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Մեր կարծիքով, Հարավային Կովկասի համար հիմնական հնարավորությունն ու նպատակը հետևյալն է. խաղաղության հիմքերի ամրապնդմանը զուգընթաց տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերը կտան ավելի նշանակալի արդյունքներ։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդմանը զուգընթաց խաղաղության սոցիալ-տնտեսական հիմքերն իրենց հերթին կամրապնդվեն», – հայտարարել է Ֆիդանը։
Նա նշել է, որ «այս հայեցակարգի ամենաոգեշնչող հաստատումը երևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»։
«Կողմերի՝ կարգավորման հասնելու կամքը կոնկրետ հնարավորություն է բացել մեր տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունենք խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման…», – ասել է նա։
Նա նաև հավելել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ «երեք երկրները վերահաստատեցին իրենց ընդհանուր կամքը Կովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»։
«Նրանք վերահաստատեցին փոխադարձ վստահությունը և ընդհանուր տեսլականը։ Որքան ուժեղ լինի մեր երկրների միջև համագործակցությունը, այնքան ավելի անվտանգ և կայուն կդառնա Հարավային Կովկասը», – ասել է Ֆիդանը։