Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2025 թ. Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ԵԱՏՄ եւ եվրոպական ուղղությամբ տնտեսական զարգացումները: Քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները նախորդ տարվա ընթացքում շարունակել են մնալ բարձր: Հայաստանն աշխարհի միջին տնտեսական աճից 2,1 անգամ ավելի արագ է աճել, եւ ավելի քան 4 անգամ ԵԱՏՄ աճից է ավելի արագ աճել: Հայաստանը 2 անգամ արագ է աճել նաեւ զարգացող երկրների համեմատությամբ, եւ մեր աճը նախորդ տարի կազմել է 7,1 տոկոս»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ դեռեւս 5 տարի առաջ ծրագրված 7 տոկոսի փոխարեն արձանագրվել է 7,9 տոկոս տնտեսական աճ:

Գեւորգ Պապոյանը մանրամասն խոսել է աշխատատեղերի բացման, քաղաքացիներին աշխատանքով ապահովելու եւ աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին:

Նախարարի գնահատմամբ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին էական որակական փոփոխությունների է ենթարկվել, ինչը հնարավորություն է տալիս մրցունակ ապրանքներ արտահանել տարբեր երկրներ: Ըստ նրա՝ ԵԱՏՄ ստանդարտները նույնպես շատ բարձր են, դրանք ԵՄ ստանդարտներ են, երբեմն՝ ավելի բարձր: «Այդ ստանդարտներին մենք համապատասխանում ենք»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դեռեւս կան որոշ արտադրողներ, որոնք խնդիրներ կունենան ե՛ւ ԵԱՏՄ ե՛ւ ԵՄ շուկաներում:

«Այլեւս անցել են ժամանակները, երբ ասում են, որ հայկական արտադրանքը մրցունակ չէ Եվրոպայում՝ որակական առումով»,- փաստել է Գեւորգ Պապոյանն ու խոսել այս առումով առկա խնդիրների ու խոչընդոտների, նաեւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մասին:

Այնուհետեւ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մի շարք ցուցանիշներ, պատասխանել պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ԵԱՏՄ շուկայում հայ արտադրողների իրավունքների պաշտպանությանն ու հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալների ավելացման հնարավորությանը:

Leave a Comment