Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարին պատկանող ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 


 


«Մասնավորապես՝ Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի չկրակված փամփուշտներ:


 


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը):


 


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:


 


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:  


 


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 


ՀՀ քննչական կոմիտե


 


 


 


 


 



 


 

Leave a Comment