ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանում է, որ Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։