Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որը կատարվել է այն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, որի քաղաքացին է որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավեր է միայն որդեգրման համար ՀՀ կառավարության նախնական համաձայնության առկայության դեպքում։
Iravaban.net-ը ուսումնասիրել է վերոնշյալ նախագիծը։
Նախագծով սահմանվում է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման ընթացակարգը։
Մասնավորապես, նախատեսվում է, որ մինչև օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից որդեգրման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, որդեգրել ցանկացող անձը կամ համապատասխան պետության իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետք է ներկայացնի դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը։
Որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի շրջանակում ներառված են տվյալներ անձի ինքնության, քաղաքացիության, ընտանեկան դրության, կրթության, զբաղվածության, առողջական վիճակի, եկամուտների, բնակարանային պայմանների, դատվածության բացակայության, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացակայության, ինչպես նաև երեխայի խնամքն ու դաստիարակությունն ապահովելու հնարավորությունների վերաբերյալ։
Միաժամանակ, ներկայացվելու են նաև որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ երեխայի ինքնությունը, ծննդյան տվյալները, առողջական վիճակը, կրթական և սոցիալական կարիքները, կենսաբանական ընտանիքի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև որդեգրման համար անհրաժեշտ համաձայնությունները։
Ինչպե՞ս է իրականացվելու ուսումնասիրությունը
Նախագծի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ստուգելու է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և ուսումնասիրելու է՝ արդյոք որդեգրել ցանկացող անձը համապատասխանում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված պահանջներին։
Եթե փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրության պահանջներին, նախարարությունը որդեգրման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով դիմելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Ներքին գործերի նախարարության ոստիկանություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնահատելու է երեխայի կարիքները բավարարելու՝ որդեգրել ցանկացող անձի կարողությունները և որդեգրման համապատասխանությունը երեխայի լավագույն շահերին։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գնահատելու է երեխայի անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը։
Ստացված դիրքորոշումների և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարությունը կազմելու է որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն և այն ներկայացնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ կառավարության քննարկմանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությամբ արդեն նախատեսված է ՀՀ կառավարության նախնական համաձայնության անհրաժեշտությունը, սակայն սահմանված չէ այն ընթացակարգը, որով պետք է ուսումնասիրվեն նման որդեգրման գործերը և ներկայացվեն կառավարության քննարկմանը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում՝ անկախ նրանց բնակության վայրից, լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխաների կարիքները և որդեգրումն իրականացվի բացառապես երեխայի լավագույն շահերից ելնելով։
Նշվում է նաև, որ նախագծի կարգավորումները մշակվել են այնպիսի տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի կիրառել նույն չափանիշները, որոնք գործում են ներպետական որդեգրումների և միջազգային որդեգրումների դեպքում՝ միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, իսկ օտարերկրյա պետության իրավասու մարմիններն արդեն իրականացրել են որդեգրման նպատակահարմարության նախնական գնահատում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործերի համակողմանի ուսումնասիրությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից։
Արդյունքում, կառավարության կողմից որդեգրման նախնական համաձայնության տրամադրումը կամ մերժումը կկայացվի ամբողջական տեղեկատվության և մասնագիտական գնահատականների հիման վրա, ինչը կնպաստի երեխայի լավագույն շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։
Ծանուցում․ Սույն նյութը պատրաստվել է բացառապես իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Յուրաքանչյուր կոնկրետ իրավական խնդրի կամ իրավահարաբերության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։