Որքա՞ն տուգանք է նախատեսված հանդիպակաց գոտում երթևեկելու համար

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրվող պատասխանատվության չափերը սահմանվում են  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով(20.000 դրամ), տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

Հիշյալ հոդվածի 18-րդ կետով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով(25.000 դրամ), տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment