«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Երևանում կամ Բաքվում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է նաև, որ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ամբողջական ապաշրջափակման հարցում։
Մոսկվան աջակցում է Երևանին ու Բաքվին հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հիշատակելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Ռուս պաշտոնյան հույս է հայտնել նաև, որ տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ ձևաչափ կարող է դառնալ «3+3» հարթակը։
«Մեծ պոտենցիալ կա «3+3» տարածաշրջանային գործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Խոսքը Հարավային Կովկասի երկրների և նրանց պատմական հարևանների մասին է»։
«3+3» ձևաչափով հնարավոր հանդիպումը, ըստ Գալուզինի, տեղի կունենա Երևանում կամ Բաքվում։ Այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ռուսաստանն աջակցում է նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը «3+3» ձևաչափի լիարժեք աշխատանքի համար՝ պարզաբանել է Գալուզինը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ «3+3» ձևաչափ ընդգրկված երկրներում վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը քիչ հավանական է դարձնում այդ ձևաչափով քննարկումների արդյունավետությունը։
«Կարծում եմ՝ այդ հարթակի ստեղծումից հետո տարածաշրջանում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են որոշ երկրների առաջնահերթությունները։ Այն ժամանակ արտատարածաշրջանային երեք երկրները՝ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը, փորձում էին նպաստել, որ Արևմուտքը քիչ ներկայացվածություն ունենա տարածաշրջանում, այսինքն՝ փորձում էին դուրս մղել տարածաշրջանից։ Նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը փոխել են իրավիճակը։ Թուրքիան, օրինակ, փոխել է իր դիրքորոշումը և ոգևորված է TRIPP-ով, որը հնարավորություն է տալիս կարճ ճանապարհով Թուրքիան ու Ադրբեջանը միացնելու, ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհով և հնարավոր է որոշ հարցերում այլևս Թուրքիան, ՌԴ ու Իրանը տրամագծորեն հակասող դիրքորոշումներ ունենան»։
Տարածաշրջանային «3+3» հարթակի ձևավորման նախաձեռնությունը Թուրքիայինն է, որը այդ մասին խոսեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանը մինչև այժմ ձեռնպահ է մնացել «3+3» ձևաչափով հանդիպումներից՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։
Այս հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ին Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են հինգ երկրների նախարարները։
«Նախկինում «3+3» ձևաչափի մասնակիցների հիմնական ակնկալիքը տարածաշրջանում Արևմուտքի ներկայացվածությունը թուլացնելն էր։ Պատահական չէ , որ Ադրբեջանի նախագահն ասում էր, որ պետք չէ այլ երկրներից խաղացողներ բերել այս տարածաշրջան, որ այս տարածաշրջանի երկրները կարող են իրենք իրենց հարցերը լուծել։ Այս մտքերը կրկնում էր նաև Մոսկվան։ Հիմա Թուրքիան որոշակիորեն փոխել է իր կարծիքը, հակված է, որ TRIPP նախագիծն իրականանա։ Հնարավոր է՝ այս հարցում տարակարծություններ լինեն Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Այնպես որ այս «3+3» փևաչափը երկար կյանք չի ունենա․։
Փորձագետը համոզված է, որ մոտեցումների տարբերության պատճառով «3+3» ձևաչափը երկար կյանք չի ունենա։