ԿԸՀ-ն արտահերթ նիստում կքննարկի «Հանրապետություն» կուսակցության դիմումը «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա ժամերին ԿԸՀ-ն նիստ կգումարի քննարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին կոչ արեց այս հարցով դիմել ԿԸՀ։
Դիմում ստանալու դեպքում ԿԸՀ-ն պետք է նիստ անցկացնի, և եթե որոշում է դիմել դատարան, ապա գործը քննում է Վարչական դատարանը։ Վարչական դատավարության օրեսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարչական դատարանը գործի քննության արդյունքում դատական ակտ է կայացնում, համաձայն որի՝ թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:
Վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է․ Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։ Վարչական դատարանը, դիմում ստանալու դեպքում, ամենուշը վաղը՝ հունիսի 6-ին, այս հարցով պետք է որոշում կայացնի, քանի որ ընտրությունները հունիսի 7-ին են։