Երևանում հունիսի երեքին ողբերգական դեպք է գրանցվել շինհրապարակում։ Գյուրջյան փողոցում կառուցվող բազմաբնակարանային շենքում աշխատող 34-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, ընկել է շենքի 4-րդ հարկից և մահացել։ ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։ Նման ողբերգությունը կրկին ուշադրության կենտրոն է բերում աշխատանքի անվտանգության խնդիրը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գյուրջյան փողոցում ընթացող շինարարության ընթացքում ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Կատարվում է նախաքննություն։
Ո՞վ է պատասխանատու նման դժբախտ պատահարների համար, և որքանո՞վ է պաշտպանված աշխատողների անվտանգությունը շինարարական հրապարակներում։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգն է պարզաբանում.
«Աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է, որ գործատուն է պարտավոր ապահովել առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ և միջավայր, սակայն տարեցտարի մենք ավելի շատ մահվան ելքով դժբախտ պատահարներ ենք ունենում շինարարության ոլորտում»։
Շինհրապարակներում դժբախտ պատահարը ուղիղ կերպով առնչվում է գործատուի պատասխանատվությանը։ Օրենքով և նորմատիվային ակտերով գործատուի վրա է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունը։ Ուստի բավարար արդարացում չի կարող համարվել, որ աշխատակիցը չի պահպանել անվտանգության կանոնները, քանի որ դրանց կատարման վերահսկողությունն ու անվտանգության համակարգի արդյունավետ կազմակերպումը նույնպես գործատուի պարտականությունն են։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան հետևյալն են պարզաբանել. մեջբերում ․
«Ըստ Աշխատանքային օրենսգրքի դրույթների՝ կազմակերպությունում աշխատողների առողջության պահպանման անվտանգության ապահովման պարտականությունը գործատուինն է։ Մասնավորապես, շինարարական հրապարակներում պետք է շինարարություն իրականացնող կազմակերպությունը ապահովի»։
Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը ավելի վաղ «Ռադիոլուրին» այսպիսի պարզաբանում էր տվել.
«Տեսչական մարմինը դժբախտ դեպքի տեղեկատվության հիման վրա վարչարարություն է իրականացնում, նայում է՝ գործատուն, համաձայն օրենսդրության, համապատասխան ծառայողական քննությունն իրականացրե՞լ է։ Նաև մենք շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում այդ պահին, տեսնում ենք գործատուն աշխատատեղը ապահովե՞լ է այդ պահի դրությամբ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններով, այսինքն՝ մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործում ենք՝ կանխելու հաջորդ դժբախտ դեպքը»։
Արա Մկրտչյանը նշում է՝ եթե տեսչականը հաջորդ այցին արձանագրում է, որ խախտումները վերացված չեն, կիրառում է վարչական միջոցներ՝ նախազգուշացումից մինչև տուգանքներ։
Մասնագետների կարծիքով՝ շինարարությունում անվտանգության ապահովումը չի կարող թողնվել միայն աշխատակցի պատասխանատվությանը։ Գործատուն պարտավոր է վերահսկել անվտանգության պահանջների պահպանումը և թույլ չտալ աշխատանք, եթե դրանք լիարժեք չեն ապահովված։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը նշում է.
«Ուղղակի չի կարելի թողնել աշխատողին շինհրապարակ կամ չի կարելի թողնել, որ աշխատողն անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե նա չի համապատասխանեցնում իր համազգեստն այն աշխատանքին, որը ինքը պետք է անի։ Հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտում, ինչպիսին շինարարությունն է»։
Շինարարությունը Հայաստանում շարունակում է մնալ ամենավտանգավոր աշխատանքներից մեկը։ 2023 թվականին շինաշխատանքների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 16 դժբախտ պատահար, իսկ 2024 թ.-ին շինհրապարակներում գրանցվել է 14 դժբախտ դեպք։ Այս տարվա վիճակագրությունը դեռ ամփոփված չէ։
Տեսչական մարմնից «Ռադիոլուրին» նաև պարզաբանել են, որ իրականացնում են պլանային ստուգումներ, որոնց ցանկը հաստատվում է ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը և հրապարակվում Տեսչական մարմնի կայքէջում։ Տեսչական մարմինն անակնկալ ստուգումների իրավասություն չունի, օրենքով նախատեսված չէ։Մեջբերում․
«Բացի պլանային (թեմատիկ) ստուգումներից՝ Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում նաև քաղաքացիների դիմում-բողոքների, պետական մարմիններից ու ԶԼՄ -ներից ստացված տեղեկությունների հիման վրա, եթե դրանք վերաբերում են աշխատողների կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝ նրանց օրինական շահերին վնաս հասցնելու դեպքերին»։
Փորձագետների գնահատմամբ՝ պետական վերահսկողության արդյունավետությունը որոշ չափով սահմանափակվում է այն առումով, որ շինարարական կազմակերպությունները նախապես տեղեկացվում են ստուգումների մասին։ Հասարակական վերահսկողության մեխանիզմները ևս լիարժեք չեն գործում։ Շինարարության ոլորտում աշխատողներից շատերը ընդգրկված չեն արհմիություններում, ինչի հետևանքով նրանց իրավունքներով զբաղվող մասնագետները հաճախ զրկվում են շինհրապարակ մուտքի և աշխատանքային պայմանների նկատմամբ անմիջական վերահսկողության հնարավորությունից։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը նկատում է.
«Այսինքն՝ դրանք տարբեր բաղադրիչներ են, որոնք ամեն մեկը իր տեղում պիտի ուղղվի, վերահսկվի, ճիշտ լիազորություններ տրվեն աշխատանքի տեսուչին, ճիշտ լիազորություն տրվի, օրենքով հնարավորություն տրվի նաև արհմիության ներկայացուցչին, աշխատանքի մասնագետին, որպեսզի ամբողջական լինի այդ վերահսկողությունը և հսկողություն սահմանվի, ոչ թե վերահսկողություն։ Դրանք տարբեր բաներ են»։
Շինարարության ոլորտում աշխատանքի անվտանգությունը շարունակում է մնալ ամենացավոտ խնդիրներից։ Մասնագետների գնահատմամբ՝ անվտանգության պահանջները լիարժեք չեն պահպանվում, իսկ աշխատողները բավարար պատրաստվածությամբ և պաշտպանիչ միջոցներով չեն ապահովվում։ Գյուրջյան փողոցում ողբերգությունը հերթական ահազանգն է։