Մի կողմից՝ հարձակում ու սպառնալիք, մյուս կողմից՝ բանակցություններ․ ԱՄՆ-Իրան օրագրի 96-րդ էջը

Հրադադարի խախտումների մասին կրկին լուրեր են տարածում թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերը։ Իսկ ԱՄՆ նախագահը դարձյալ հայտարարում է, որ Թեհրանը համաձայնել է միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան առաջարկներին, և բանակցությունները շուտով կավարտվեն։ Հակառակ Թրամփի լավատեսական հայտարարություններին՝ փոխադարձ հարվածները, այնուամենայնիվ, շարունակվում են, իսկ Հորմուզի նեղուցը մնում է շրջափակված։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանի՝ Հորմուզի նեղուցի Ղեշմ կղզում գտնվող ռազմական կառավարման կայանին՝ ի պատասխան իրանական հարվածների։

Բանն այն է, որ, ըստ ամերիկյան կողմի, հունիսի 2-ին Իրանը հրթիռներ էր արձակել Քուվեյթի ու Բահրեյնի ուղղությամբ, որոնք, սակայն, խոցվել են և թիրախներին չեն հասել։

ԱՄՆ ԶՈՒ հրամանատարությունը X սոցիալական հարթակում գրում է․ «Ամերիկյան զորքերը հաջողությամբ որսացել են մի քանի իրանական բալիստիկ հրթիռ և անօդաչու սարք, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով հարվածներ են հասցվել Ղեշմ կղզուն՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում Իրանի կողմից հարձակման փորձերի»։

Ի տարբերություն այս տեղեկության՝ Քուվեյթի քաղավիացիայի ղեկավարությունը հայտնում է, որ երկրի միջազգային օդանավակայանը Իրանի օդային հարձակմանն է ենթարկվել․ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ, վնասվել է նաև օդանավակայանի տերմինալը։

Արտակարգ դրություն է հայտարարվել, կասեցվել են թռիչքները:

Associated Press-ը, անդրադառնալով կատարվածին, հաղորդում է․ «Իրանը և Միացյալ Նահանգները կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել Պարսից ծոցում։ ԱՄՆ ռազմական պաշտոնյաներից լսում ենք, որ իրանցիները բալիստիկ հրթիռներ են արձակել՝ Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ այդ հարվածը կամ կասեցվել է, կամ էլ չի հասել որևէ թիրախի: Իրանցիները մեղադրում են ամերիկացիներին՝ դատարկ նավթատարի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար։ Թեև իրականում շարունակական ռազմական գործողություններ չկան, նման հարձակումները տարածաշրջանային անվտանգությանը ուղղված շատ ավելի մեծ սպառնալիք են»։

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Նիկզադը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նաև բանակցությունների, թեև չի վստահում Վաշինգտոնին։ Թեհրանից ավելի վաղ պարզաբանում էին, որ բանակցությունները դադարեցվել են։ Սակայն ԱՄՆ նախագահը կրկին հայտարարում է, որ բանակցությունները ընթանում են, և որ դրանց մեջ ներգրավված է հենց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։ Ավելին՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Այս լավատեսության կողքին, սակայն, Թրամփը նշում է, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը կարող է տևել ևս մի քանի ամիս։

Ըստ Թրամփի՝ Իրանը նաև համաձայնել է միջուկային զենքի արգելքին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքում է այս լուրերը և պարզաբանում, որ իրենք չեն բանակցում միջուկային ծրագրի շուրջ, քանի որ առաջնահերթությունը պատերազմը դադարեցնելն է։

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաեին X-ում գրել է․

«Արձակված ամեն հրթիռին կհետևի անօդաչուների հեղեղով պատասխան»։

Իրանի ռազմական և գործառական կարողությունները հրադադարի ժամանակ ավելացել են, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Սարդեր Մոհեբին։ Նա վստահեցրել է, որ Իրանի զինված ուժերն այսօր ավելի լավ վիճակում են, քան անցյալում և լիովին պատրաստ են բոլոր հնարավոր իրավիճակներին համարժեք արձագանքելու։

«Եթե թշնամին վերադառնա ռազմական գործողություններին, կհանդիպի Իրանի կողմից օգտագործվող նոր զինատեսակների»։

Այս տարվա փետրվարի 28-ից Իրանի դեմ սկսված պատերազմն ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում է։ Հակամարտող կողմերն այժմ բանակցում են՝ ինչ պայմաններով է հնարավոր դադարեցնել պատերազմը։

Leave a Comment