Ակնալճի հողագործների հիմնական զբաղմունքը լոլիկի մշակությունն է ու այգեգործությունը: Գյուղացիները բառի լայն իմաստով հողի հետ կռիվ են տալիս, որպեսզի լավ արդյունք ստանան: Այստեղ հողերը բերրի չեն, քարքարոտ են ու անջրդի: Հիմնականում եկամուտը ստանում են լոլիկից ու խաղողից:
Եղանակային փոփոխությունները դժվարացնում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Ակնալճի դաշտերում սկսել են լոլիկի սածիլումը: Մինչև այդ հողը ծածկել են պոլիթելենային թաղանթներով: Այդպես մոլախոտը քիչ է լինում, հողը շուտ է տաքանում, որ բույսը շուտ սկսի աճել՝ բացատրում է Հայկանուշ Էլդուզյանը: Աշխատանքները վաղ առավոտյան են սկսում:

«Ժամը 6-ին ենք գնացել, սածիլ ենք դրել, անձրև եկավ, դուրս եկանք, հետո նորից շարունակեցինք: Վեց հոգով ենք աշխատել: Երկու հեկտարը 7 օրում վերջացրինք: Դե, եթե եղանակը լավ է լինում, ժամը 5 անց կես ենք տնից դուրս գալիս, ժամը 6-ին մտնում ենք հող, ցերեկը ժամը 1-2-ինդուրս գալիս: Այսօր 2 անգամ անձրևի տակ ենք մնացել»:
Երկու հեկտարը միայն ընտանիքի անդամներով չեն հասցնում մշակել, լրացուցիչ աշխատուժի կարիք են ունենում: Գարնանային անձրևների պատճառով գյուղատնտեսական աշխատանքները հետ են ընկել՝ ասում է Վարդան Մարտիրոսյանն ու նեղսրտում՝ հող մշակելը շատ ներդրում է պահանջում:
«Սալյարկեն թանկացել է, տրակտորիստները գինը թանկացրել են, աշխատուժը թանկացել է՝ 8000 դրամ, 7000 դրամով էլ չենք կարողանում ճարել: Աշխատուժին գյուղից ենք բերում, դրսից, մինչև անգամ Գյումրուց են գալիս»:
Ակնալճի քարքարոտ հողերը մշակելը ոչ միայն դժվար է, այլև՝ վտանգավոր։ Արմավիրցի կինը պատմում է, թե ինչպես Ակնալճի լոլիկի դաշտերում աշխատելիս՝ փրկվել է գյուրզա օձի խայթոցից:
«Նոր չմշակված հող էին վարել, լրիվ քարերի մեջ մարգեր էին դրել, կաթիլային էին քաշել: Առաջին օրը նորմալ անցավ, իսկ երկրորդ օրը, որ արդեն տաքերն ընկավ, մեջը օձ հանդիպեց: Ցելոֆաններ են քաշել, կաթիլայինի խողովակները ցելոֆանի տակն է լինում: Ձեռքս տարա, որ սածիլը խփեմ՝ պետք է ցելոֆանը բացվի, որ սածիլը մեջը մտնի, տակը օձ կար, երկու մետրանոց գյուրզա»:

Ակնալճում գրեթե բոլոր հող մշակողներն են պոլիէթիլենային թաղանթներ օգտագործում: Դրանց մեծ մասն աշնանը թողում են հողի մեջ՝ կիսապատռված ու կիսաքայքայված վիճակում: Վարդան Մարտիրոսյանն էլ է լոլիկի դաշտում թաղանթ փռում:
«Եթե մյուս տարի պիտի մշակենք հողը, ցելոֆանը պիտի նորից հավաքենք, վառենք: Մարդ կա հավաքում է, մարդ կա՝ թողնում է հողի մեջ: Մեր մոտ 4-րդ, 5-րդ կարգի հողեր են»:
Հողերը ոռոգում են կաթիլային եղանակով: Լոլիկից բացի Վարդան Մարտիրոսյանը 8 հա խաղողի այգի ունի, որոշել է ևս 2 հեկտարով ավելացնել՝ կրճատելով լոլիկի ցանքատարածքները: Ակնալճում կոնյակի «Կանգուն» սորտն են մշակում: Խաղողի մշակությունը ևս աշխատատար է՝ ասում է Վարդանը:
«Էտել ենք, լարերը ձգել, ցախը հանել, վարել ենք, հիմա արդեն սուդ անելու ժամանակն է՝ արմատից աճած շիվերն ենք պոկելու, թափենք: Հետո նայելու ենք՝ որ շիվի վրա խաղող չկա՝ դա էլ ենք պոկելու, թափենք: Դրանից հետո գալիս է կանաչ կապ անելու ժամանակը: Լրիվ գործ է, էլի»:

Ակնալճում խաղողի ու պտղատու այգիների մշակությունն ավելի նպատակահարմար է, քան այլ մշակաբույսերինը՝ ասում է համայնքի նախկին ղեկավար Գևորգ Միսակյանը: Վերջին տարիներին այգիների տարածքներն ավելացել են:
«Քիչ է ջուր պահանջում, մեր հողերում տարբեր տեսակի մշակաբույսեր այդքան էլ լավ չեն աճում, խաղողն ու լոլիկն է լավ աճում, և մարդիկ այդ երկու մշակաբույսերով են հիմնականում զբաղվում»:
Լոլիկն ու խաղողն իրացնում են մարզի տարբեր գործարաններում, որոնց հետ նախապես պայմանագրեր են կնքել: Մթերման գները փոխվում են․ անցած տարի լոլիկը հանձնել են 30, խաղողը՝ 150 դրամով: