Ինչպե՞ս են քվեարկելու տնային կալանքի տակ գտնվող անձինք

Հայաստանում 2026 թ. հունիսի 2-ի դրությամբ տնային կալանքի մեջ պահվում է 911 անձ։ Պրոբացիայի ծառայությունը կապահովի ընտրելու իրավունքի իրացումը, եթե նրանք ցանկանան մասնակցել հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին։ Նշենք, որ տնային կալանք կրող անձինք ընտրելու իրավունք ունեն։ Միաժամանակ, տնային կալանքի դեպքում անձը պարտավոր է լինելու իր բնակության վայրում և չի կարող այնտեղից  դուրս գալ առանց թույլտվության։

Տնային կալանքում գտնվողների քվեարկության հարցի մասին այս տարվա փետրվարին խոսել էր «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանն ասում է, որ այս կարգավիճակն ունեցող անձանց քվեարկությունը կարգավորված չէ․

«Բնականաբար, զբաղվելով կալանավորված անձանց իրավունքներով՝ չէինք կարող ընտրություններին ընդառաջ այդ հարցը չբարձրացնել։ Ուսումնասիրեցինք  ընտրական օրենսդրությունը և  պարզեցինք, որ բացակայում են ընթացակարգերը, մասնավորապես՝ ինչպես պետք է տնային կալանքի տակ գտնվող անձինք իրականացնեն իրենց ընտրելու իրավունքը»։

Սահմանադրությամբ նախատեսված է, որ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել բացառությամբ երեք դեպքերի։ Դրանք ներկայացնում է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․

«Ընտրելու իրավունք չունեն այն մարդիկ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ, կամ քրեական դատավարության կարգով դատապարտվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Միայն այս անձինք են, որոնց ընտրելու իրավունքը սահմանափակվում է։ Բոլոր մնացած դեպքերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալները, կալանավորները և տնային կալանքում գտնվող անձինք, ունեն ընտրելու իրավունք, և այն չի կարող սահմանափակվել»։

Տնային կալանք կրող անձանց համար առանձնահատուկ որևէ կարգավորում չի տրվում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ընտրությանը մասնակցել ընդհանուր կարգով, այն է՝ իրենց հաշվառման վայրերի տեղամասերում․

«Այստեղ խնդիրն այն է, որ դատարանի որոշմամբ այդ անձանց արգելված է լինում բնակության հասցեն լքելը և որոշ դեպքերում՝ հաղորդակցվելը այլ անձանց հետ։ Բայց քանի որ Սահմանադրությամբ չի կարող խախտվել ընտրելու իրավունքը, ապա նրանք պետք է իրավունք ունենան մասնակցելու քվեարկությանը»։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը քննարկում էր երկու տարբերակ՝ շրջիկ քվեատուփերով քվեարկություն կամ ուղեկցողների միջոցով ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցություն։ Գևորգ Քոչարյանը նշում է, որ տնային կալանքի տակ պահվող անձանց համար օրենքով նախատեսված չէ շրջիկ քվեատուփերի միջոցով ընտրությունը կազմակերպելը․

«Պրոբացիայի ծառայությունն այդ օրը իրականացնելու է անձանց ուղեկցումներ»։

Այս պահի դրությամբ տնային կալանքում  է 911 անձ, որոնցից 54-ն ընտրելու իրավունք չունեն, քանի որ անչափահաս է կամ օտարերկրյա քաղաքացի։ Ընտրելու իրավունք ունեն 857-ը։

«Մենք բոլորին ծանուցել ենք. հարցում ենք կատարել, թե ով է պատրաստվում մասնակցել ընտրությանը, և ունենք նախնական պատկեր․ շուրջ 555 հոգի ցանկություն է հայտնել մասնակցելու։ Սակայն սա էլ շատ պայմանական է. նույնիսկ այն անձինք, որոնք նշել են, որ չեն ցանկանում մասնակցել, ընտրության օրը կարող են փոխվել իրենց որոշումը և այդ մասին հայտնել պրոբացիայի ծառայությանը»։

Իսկ ընտրությանը չեն մասնակցում բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածները։ Միջին ծանրության հանցանքների համար դատապարտված անձինք կարող են մասնակցել ընտրությանը․

«Այս պահի դրությամբ մենք ՔԿՀ-ներում ունենք 1465 անձ՝ բաշխված 9 ՔԿՀ-ների միջև։ Անձինք, որոնք ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն, մեծամասնությամբ կալանավորվածներն են՝ 1269 հոգի։ Դատապարտյալները 196-ն են, իսկ ընտրելու իրավունք չունեցողները՝ 1000-ից ավելի»։

Գևորգ Քոչարյանը նշում է, որ այս թվերը մինչև քվեարկության օրը կարող են փոփոխվել։

Leave a Comment