Վերանայել ու նորովի վերահսկել լոգիստիկ ոլորտը․ բեռնատարի մի խումբ վարորդներ ակցիայով փորձել են լսելի դարձնել իրենց խնդիրները   

Բեռնատարների մի խումբ վարորդներ  բողոքի ակցիա են իրականացրել հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ: Նրանք դժգոհել են հիմնականում  Հայաստանից  Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող երրորդ երկրների վարորդների և իրենց հանդեպ կիրառվող հարկային քաղաքականությունից, քանի որ համարում են, որ հայ վարորդները անհավասար պայմաններում են և վճարում են  հարկեր, որոնք այլ երկրների վարորդների համար սահմանված չեն: Ակցիայի մասնակիցները  պահանջում և ակնկալում են, որ կառավարությունը  վերահսկողություն սահմանի բեռնափոխադրման ոլորտում և լոգիստիկ հստակ պահանջներ՝ բոլոր վարորդների համար:

Վերջին օրերին Բավրայի հայ-վրացական անցակետով  հայկական պետհամարանիշերով հատուկենտ բեռնատարներ են անցնում: Հայ վարորդներից շատերը ստիպված են դադարեցնել բեռնատարների շահագործումը: Ըստ  վարորդների՝ խնդիրը անհավասար պայմաններն են հայ և օտարազգի վարորդների համար: «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց դժգոհությունը բացատրում են՝ մանրամասնելով, որ տարատեսակ ապրանք արտահանելու համար հայ վարորդները հարկ են վճարում վրացական անցակետում, իսկ օտարազգի վարորդները հայկական անցակետերով բեռներն անցկացնում են սիմվոլիկ գումարով, ինչի բերումով էլ ծառայության արժեքը ավելի մատչելի ու հասանելի է դառնում վերջիններիս համար: Այս դժգոհությունն ունեցող վարորդներից մեկը բացատրում է․

«Օրինակ, ես եթե բեռնափոխադրող եմ, նույն բեռը կարող եմ տեղափոխել, օրինակ, երկու հազար դոլարով, մեր երրորդ երկրի քաղաքացին նույն բեռը, առանց հարկերը վճարելու,  (որովհետև չունի էտ պարտավորվածությունը), կարող է արտահանել  երկրից 1500 դոլարով, այսինքն՝ 500 դոլարով էժան, քան մենք»։

Լոգիստիկ խնդիրները, ըստ վարորդների, դեռ մեկ տարի առաջ են սկսել ի հայտ գալ: Բարձրաձայնել են, «լեզու գտել» միջնորդ կազմակերպությունների հետ ու հարմարվել գնառաջարկներին: Բայց վերջին մեկ ամսվա ընթացքում խնդիրն ավելի է սրվել: Բեռնատարի վարորդ Վահե Նիկողոսյանը արդեն 20 օրից ավելի բեռնափոխադրում չի իրականացնում․ մի քանի օրից բեռնատար գնելու նպատակով վերցրած վարկի վճարման օրն է, բայց գումար չունի:

«Մի քանի անգամ էս հարցը նույն ձևի էլի բարձրաձայնել ենք, էլի ոչ մի լուծում չի տրվել, հիմա ուզում ենք մեր խնդիրը լուծենք: Եթե չենք էլ կարողանում լուծենք, օրինակը էսպես բերեմ: Ունենք վարկեր, վարկերով էտ մեքենաները գնել ենք ,հիմա գալիս է վարկի օրը, պետությունը ինձ կարող է աջակցել, օրինակ, երկարաձգի իմ վարկի մարման ժամկետը»:

Խնդիրը բարձրաձայնելու  համար բեռնատարների մի խումբ վարորդներ  բողոքի ակցիա էին իրականացնում Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Բավրայի անցակետի մոտ: Այս կերպ վարորդները  կառավարությունից ու էկոնոմիկայի նախարարությունից խնդրում և պահանջում էին  լուծել առկա խնդիրներն ու բեռնափոխադրման ոլորտում հավասար պայմաններ սահմանել բոլոր վարորդների համար՝ նշում է վարորդ Սուրեն Հարությունյանը:

«Մեր ոլորտը  բարձիթողի վիճակում է , երկու ամիս է՝ գործ չունենք, որ դուրս գանք Հայաստանի Հանրապետությունից դեպի  ՌԴ: Այլ պետության մեքենաները  Հայաստանից բարձվում, գնում են  ՌԴ-ն, հայկական մեքենաները մնում են ՀՀ-ում: Չեն կարողանում մարդիկ աշխատեն, գնային առումով շատ  վատ վիճակ է: Թող սարքեն պետական ոլորտ»:

Բավրայի անցակետի մոտ ակցիա իրականացնող վարորդները ցանկանում էին փակել միջպետական ճանապարհը՝  իրենց  ձայնը լսելի դարձնելու համար: Տարածքում գտնվող ուժային կառույցների ղեկավարները փորձեցին բանակցել բեռնատարների վարորդների հետ և անցանելի պահել Գյումրի-Բավրա ճանապարհը:

«Սա հարցի լուծում չէ, տղեք։  Օրինական եղանակ չէ։ Ձեր բոլոր հարցերին պատասխան տրվելու է»։

Ոստիկանության և ուժային կառույցների ղեկավարները տեղում վարորդներին հավաստիացնում էին, որ, չնայած իրենց խնդիրը խորքային է, բայց մի քանի օրից կլուծվի: Չնայած հստակ ժամկետներ և հավաստիացում հայտնող վերադասների անուններ չհնչեցին, բայց վարորդները այս անգամ ճանապարհը չփակեցին՝ ակնկալելով, որ առաջիկայում լսելի կդառնա իրենց խնդիրը։

Leave a Comment