
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչներ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա):

Մրցույթը կանցկացվի հունիսի 6-ից 13-ը՝ երեք փուլով` «թավջութակ» անվանակարգով։ Խաչատրյանական մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։ Մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում, ավանդույթի համաձայն, ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի մշակութային ժառանգությունը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան, գործընկերներ՝ VISA-ն և Ակբա բանկը։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):