Երևանում երկու ամիս անցկացված ժամանակակից թատրոնի և պերֆորմանսի ինտենսիվ աշխատարանը կամփոփի «Առաջադրված հանգամանքներ» խորագրով ներկայացման առաջնախաղը։ Այն տեղի կունենա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` հունիսի 5-ին։
Ներկայացումը պատմում է, թե ինչպես էր կենդանի խոսքը քարանում ու դոգմայի վերածվում, թե ինչքան հիանալի է Ստանիսլավսկու մեթոդը, ինչքան մեծ է այն և ինչքան վնասակար կարող է լինել։ Ներկայացումը զրույց է հիշողության ու մոռացության մասին․ ինչպես ազատվել առանց քանդելու, ինչպես հիշել առանց քարանալու։
Երևանում ապրիլի 15-ից հունիսի 5-ը անցկացվում է աշխատարան՝ միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Իլյա Մոշչիցկու մասնակցությամբ։ Այն կրում է «Առաջադրված հանգամանքներ» խորագիրը, որը Կոնստանտին Ստանիսլավսկու ներմուծած հայտնի եզրույթներից մեկն է։
hosq մշակութային հիմնադրամի այս ծրագիրը կոլեկտիվ ստեղծագործ աշխատանքի վրա հիմնված հետազոտական հարթակ է։ Ծրագրի մասնակիցները հաճախում են փորձերի, ֆիզիկական թատրոնի պրակտիկաների և մասնագիտական բազմաթիվ քննարկումների՝ համագործակցելով ոլորտի առաջատար թատերագետների, ռեժիսորների և հետազոտողների հետ։
Ծրագրի շրջանակում մասնակիցների հետ աշխատում են միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մրցանակակիր ռեժիսոր, Chronotope Theatre Company-ի հիմնադիր և Chronofest փառատոնի ստեղծող Իլյա Մոշչիցկին, Viewpoints մեթոդի, ֆիզիկական թատրոնի և տեղհատուկ պերֆորմանսների մասնագետ Եկատերինա Կրամարենկոն, թատրոնի պատմաբան և ժամանակակից ռեժիսուրայի հետազոտող, «Ոսկե դիմակ» մրցանակի փորձագետ Վլադա Կուպրինան, համադրող, խմբագիր և նոր բեմական ձևերի, դոկումենտալ և հիբրիդային թատրոնի փորձագետ Ալեքսեյ Կիսելյովը, գրող, ռեժիսոր Անահիտ Ղազարյանը և բազմաթիվ այլ հայաստանյան և արտասահմանյան մասնագետներ։