Ինչպես տեղեկացրել էր iravaban.net֊ը, Արթուր Օսիպյանի աջակիցները՝ հասարակական գործիչ Գեեղամ Օհանյանի նախաձեռնությամբ, անժամկետ նստացույց են նախաձեռնել։ Նախագահի նստավայրի դիմաց քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Օսիպյանին։
Գեղամ Օհանյանը բաց նամակով դիմում է ներկայացրել նախագահ Խաչատրյանին։
«ԴԻՄՈՒՄ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Ձեզ եմ դիմում որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր և պետության գլուխ։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանը ներկայումս կալանավորված է, ինչն անմիջականորեն կապված է նրա ազատ խոսքի իրավունքի իրացման հետ։ Ներկա նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է ատելության խոսք, որն ուղղված է եղել բռնի տեղահանված անձին։ Այդ խոսքը մինչ օրս մնում է չդատապարտված։ Միջադեպը ավարտվել է Օսիպյանի ձերբակալմամբ, որից հետո դատարանը կալանավորել է նրան 2 ամսով։
Այժմ քաղաքացի Օսիպյանը կալանավայրում բոլորում է հացադուլի 14-րդ օրը՝ պահանջելով, որ իրեն վիրավորած անձը հրապարակային ներողություն խնդրի։ Հացադուլի հետ կապված՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։
Քանի որ Դուք առաջնորդվում եք բացառապես համապետական և համազգային շահերով, խնդրում եմ Ձեզ՝
Հանդես գալ հրապարակային ուղերձով՝ քարոզարշավում ատելության խոսքը դատապարտելու և զսպելու վերաբերյալ։
Ներկայացնել երաշխավորություն ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և նրա ազատ խոսքի սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։
Պրն. Խաչատուրյա՛ն, հուսով եմ՝ իրավիճակի լրջությունը հաշվի առնելով՝ կձեռնարկեք համապատասխան արագ քայլեր։
Հարգանքով՝ Գեղամ Օհանյան, ֊ասված է դիմումում։