Հակառակ հուսադրող հայտարարություններին՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են․ միջազգային մամուլ

Հակառակ հրադադարին՝ ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը հարվածել է իրանական անօդաչու սարքերի կառավարման կենտրոններին, Թեհրանն էլ հայտարարում է, որ պատասխան հարված է հասցրել ամերիկյան ռազմակայանին, որտեղից հարձակում էր եղել Իրանի վրա: Միջազգային մամուլը գրում է, որ բանակցությունները փակուղի են մտել, և դա է պատճառը, որ ռազմական գործողությունները վերսկսվել են։

ԱՄՆ-Իրան բանակցություններին զուգահեռ՝ տեղեկություններ են տարածվում, որ հակամարտող կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ապրիլին հայտարարված  հրադադարի պայմաններում պարբերաբար հարձակումներ էին տեղի ունենում՝ նախ մի կողմից, հետո՝ մյուս կողմից, որպես պատասխան։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ վերջին նման գործողությունները իրանական ենթակառուցվածքների ուղղությամբ ինքնապաշտպանական հարվածներ են եղել։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածել է Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաներին։

Associated Press-ը հաղորդում է, որ այդ հարվածները սպառնալիք են հրադադարին․ «Միացյալ Նահանգները Իրանում նոր օբյեկտներ է թիրախավորել, իսկ Թեհրանը միաժամանակ հարձակվել է Քուվեյթի վրա: Սա ընդամենը վերջին փոխադարձ բռնության դեպքն է, որը սպառնում է Իրանի պատերազմում հրադադարին, քանի որ երկու երկրների միջև բանակցությունները շարունակվում են, բայց դրանց ընթացքի համար մարտահրավեր են ռազմական գործողությունները»:

Հարվածներին զուգահեռ՝ իրարից տարբերվող հայտարարություններ են հնչում բանակցային գործընթացի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան կողմի առաջարկած հրադադարի համաձայնագրով՝ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Ըստ Թրամփի՝ համաձայնագրի հիմնական շեշտադրումը հենց դա է։ Ամերիկյան կողմի վերջին՝ վերանայված առաջարկները ավելի խստացված են և հենց միջուկային զենքի բացառմանն են վերաբերում։

Թեհրանը, սակայն, այլ տեղեկություններ է տարածում։ Ըստ դրանց՝ առաջարկներ փոխանակվել են, սակայն միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ համաձայնություն չկա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ դեռևս հստակ արդյունքներ չկան։

Ըստ Associated Press գործակալության՝ բանակցությունները փակուղում են․

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարծես փակուղի են մտել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց մենք նաև լսել ենք Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակին, որը պնդում է, թե այս բանակցությունները շարունակվում են անվստահության մթնոլորտում։ Բանակցությունները ցույց են տալիս նրանց միջև եղած անհամապատասխանությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցների մեղմացումը, Իրանի միջուկային ծրագիրը և Իսրայել-Հեզբոլլահ պատերազմի ապագան, որն այսօր շարունակվում է և սպառանլիք է ստեղծում, որ Մերձավոր Արևելքը կրկին կներքաշվի ավելի մեծ պատերազմի մեջ»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պարզաբանում է, որ վերջնական համաձայնությունը պետք է ամրագրվի ՄԱԿ ԱԽ բանաձևով՝ իրավական պաշտպանվածություն ապահովելու համար։

Բաղային շեշտում է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը պատերազմի դադարեցման յուրաքանչյուր համաձայնագրի անբաժանելի մասն է։

Ուշագրավ է այդ առումով Jerusalem Post-ի անդրադարձը, որում նշվում է, որ Իսրայելը խնդրել է Վաշինգտոնին աջակցել Լիբանանի տարածքի, այդ թվում՝ Բեյրութի ուղղությամբ հարվածների ընդլայնմանը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման մասին  հարցին, պարզաբանել է, որ իրենք չեն վստահում հակառակորդի խոսքերին․

«Այս ճանապարհին, ինչպես ես բազմիցս նշել եմ, դիվանագիտական պայքարի առաջնագծի զինվորները բացարձակապես չեն վստահում թշնամու խոսքերին կամ խոստումներին: Մեզ համար կարևորը այն շոշափելի նվաճումներն են, որոնք մենք պետք է ստանանք մեր սեփական պարտավորությունները ստանձնելու համար, և մինչև չհամոզվենք, որ ապահովել ենք իրանական ազգի իրավունքները, չենք հաստատի որևէ համաձայնագիր»:

Ըստ Ղալիբաֆի՝ Իրանը դեմ է ծայրահեղ մոտեցումներին․

«Ճիշտ է, որ մենք ոչ մեկին դատարկ չեկ չենք տալիս, բայց չպետք է ընկնենք նաև երկարատև, հոգնեցուցիչ հակամարտությունների թակարդը։ Փոխարենը, խնդիրների վրա կենտրոնացած և փորձագիտական վերահսկողության, առաջնահերթությունների ճիշտ գնահատման և ազգային շահերն ու հանրային պահանջները վեր դասելու միջոցով, պետք է ուրվագծենք երկրի խնդիրների լուծման արդյունավետ և արագ ուղին»։

Իրանական կողմը պնդում է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրի ամրագրումը ՄԱԿ ԱԽ բանաձևով՝ արդյունավետ ճանապարհն է իրական հրադադարի հասնելու համար։

Leave a Comment