Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում հունիսի մեկին բացվել է Eleveight AI ընկերության AI Factory տվյալների կենտրոնը։ Ընկերությունը կառավարության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Այս համագործակցությունը պետություն– մասնավոր գործակցության հերթական փուլն է՝ արձանագրում են կողմերը։ Գագարինը պատահական ընտրություն չէ։ Այս տարածաշրջանը Հայաստանի լավագույն վայրերից մեկն է արևային կայանների արդյունավետ գործունեության համար։
Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում այսուհետև կգործի բարձր հաշվողական ռեսուրսներով ԱԲ գործարան տվյալների կենտրոն։ Պատասխանատուներն ասում են, որ սա մինչև այս պահը եղած ամենաառաջատար գրաֆիկական պրոցեսորով տվյալների կենտրոնն է։ Սա տարածաշրջանի ամենախոշոր ԱԲ գործարանն է։
Սա նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր սկիզբ է, ասում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․ «Ստեղծել էնեգիա, էներգիան տրանսֆրոմացնել ԱԲ տվյալային կենտրոնների միջով ու ստեղծել հաշվարկային հաշվողական ռեսուրս, որը ինովացիայի հիմք է լինելու»։
Գագարին բնակավայրը պատահական ընտրություն չէ։ Գեղարքունիքի մարզի այս հատվածը Հայաստանի լավագույն վայրերից մեկն է արևային կայանների արդյունավետ աշխատանքի համար։ Բացի այդ, այն ընդհանուր առմամբ շատ հարմար է էներգետիկ ենթակառուցվածքների տեսանկյունից։ Կլիմայական պայմաններն էլ բավականին նպաստավոր են, ինչը դրական ազդեցություն ունի ինչպես էներգախնայողության, այնպես էլ ընդհանուր արդյունավետության վրա։
ԱԲ մոդելների ուսուցման համար օգտագործվող գրաֆիկական պրոցեսորները (GPU) աշխատում են բարձր ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն սովորական սերվերների, ԱԲ չիպերն արտադրում են մի քանի անգամ ավելի շատ ջերմություն, որը չեզոքացնելու համար ջուր է պետք։ Այստեղ թյուր կարծիք կա, որ գործարանը Սևանա լճին մոտ է կառուցվել, որպեսզի լճի ջուրն օգտագործվի հովացման համար։
Eleveight AI ընկերության համահիմնադիր ու գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը բացատրում է հովացման համակարգի աշխատանքի սկզբունքը․
«Հովացման համակարգը աշխատում է փակ ցիկլով։ Այն կապ չունի հեղուկների հետ։ Այն ջուր չէ, հովացման հեղուկ է, ինչպես մեքնեայի շարճիչի հովացման հեղուկը։ Այն ջրելու կամ ոռոգման ջրի հետ կապ չունի»։
Պետության հետ համագործակցության հուշագիրն արդեն ստորագրված է։ Պատասխանատուներն ընդգծում են, որ տվյալների կենտրոնը պետություն-մասնավոր համագործակցութան լավագույն օրինակն է։