ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված «Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության» թեմայով տեսաուղերձում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև հնարավոր ընտրության հարցին։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները և դրանք ներկայումս գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։
«Ես այդ փուլը համարում եմ դրական, որովհետև նոր իրադրության պայմաններում մենք Ռուսաստանի հետ հաստատում ենք նոր հարաբերություններ։ Համոզված եմ, որ այդ գործում կհաջողենք, քանի որ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ, և դրանցում որևէ մութ անկյուն չենք պահել»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՏՄ շրջանակում մինչև այն պահը, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը դառնա անխուսափելի։
Փաշինյանի խոսքով՝ նման որոշումը պետք է կայացվի բացառապես Հայաստանի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։
Վարչապետը նշել է, որ ներկայումս այդ հարցով հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան, քանի որ Հայաստանը դեռ պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Այսօր այդ ընտրությունը տեսական է, իսկ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը այնքան էլ խելամիտ, ճիշտ և հիմնավորված չէ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կշարունակի հանգիստ և կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում՝ համոզված լինելով, որ այդ ուղղությամբ դեռևս առկա է չօգտագործված ներուժ, որը հնարավոր կլինի իրացնել առաջիկայում։
ԵԱՏՄ չորս երկրների (Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի) ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ առաջարկելով Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե։ Հայտարարությունն ընդունվել է Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում և հրապարակվել Կրեմլի պաշտոնական կայքէջում։