Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։ Այս մասին հայտնել են ՀՎԿԱԿ-ից։

Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։

STEPS հետազոտության տվյալներով՝

  • 18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ,
  • տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%,
  • կանանց շրջանում՝ 1.8%,
  • մեծահասակների 56.4%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը,
  • 26.6%-ը՝ աշխատավայրում։

Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից։

Leave a Comment