Գերմանական կրթաթոշակներ ու վկայականներ․ Հայաստանի երիտասարդների համար նոր հնարավորություններ են բացվում

Մայիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում գործող գերմանական մշակութային և կրթական կազմակերպությունների կրթաթոշակների և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանիայի դեսպանության, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD), «Գյոթե» ինստիտուտի և Արտերկրի դպրոցների հարցերով կենտրոնական վարչության (ZfA) նախաձեռնությամբ՝ հայաստանյան դպրոցների ու բուհերի 77 սովորողներ, ուսուցիչներ և հետազոտողներ բացառիկ հնարավորություն ստացան՝ շարունակելու իրենց ուսումն ու գիտական գործունեությունը Գերմանիայում, Վրաստանում և Սերբիայում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության շրջանավարտների միավորման նախագահ Մերի Նավասարդյանը մանրամասնել է ծրագրի առանցքային փոփոխությունները։ Նա նշել է, որ կազմակերպությունն այժմ Հայաստանում գործում է տարածաշրջանային ձևաչափով։

 «DAAD-ն շատ երկար տարիներ ակտիվ գործունեություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Նախկինում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեզ մոտ, գործում էին առանձին տեղեկատվական կենտրոններ։ Սակայն 2020 թվականին կառուցվածքային տեղափոխություն եղավ, և այժմ Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակն առանձին կառույցով պատասխանատու է միանգամից երեք երկրների համար»։

Մերի Նավասարդյանը պատմեց, թե կոնկրետ ովքեր են այս ծրագրերի հիմնական շահառուներ, և արդյո՞ք լեզվի իմացությունը պարտադիր պայման է․

«Այդ հնարավորությունից կարող են օգտվել բոլորը՝ անկախ գերմաներենի իմացությունից։ Միայն մի ծրագիր կա, որը պարտադրում է գերմաներենի իմացություն. դրանք ամառային դասընթացներն են, որոնց դիմում են ուսանողները։ Իսկ մագիստրոսական դասընթացներին դիմում են նրանք, ովքեր բուհն ավարտել են, կամ ավարտելու ընթացքում են, կամ այստեղ արդեն մագիստրատուրա են ավարտել. արդեն կարող են Գերմանիայում էլ մագիստրատուրա անցնել։ Եվ, իհարկե, կան հետազոտական կրթաթոշակներ, որոնց կարելի է դիմել տարբեր-տարբեր ոլորտներում՝ գերմանացի պրոֆեսորների ղեկավարությամբ կամ գերմանական բուհերում հետազոտություն իրականացնելու համար»։

Մերի Նավասարդյանը կարևորում է հայ-գերմանական կրթամշակութային և տնտեսական կապերի ընդլայնումը։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացում է, այլև ներդրում Հայաստանի տնտեսությունում։

«Իմ մեծագույն ցանկությունն է՝ ոգևորել ու ոգեշնչել բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ ստացել են այս կրթաթոշակը։ Ուզում եմ, որ նրանք իրենց փորձն ու կարողությունները ներդնեն հենց այստեղ՝ մեր երկրում։ Քանի որ կրթաթոշակառուները տարբեր ոլորտներից են, մենք միասին կարող ենք կառուցել, ընդլայնել ու զարգացնել հայ-գերմանական կրթական, մշակութային և, ինչու ոչ, տնտեսական կապերը։ Սա, իրապես, մեծագույն ներդրում կլինի մեր պետության համար»։

«DAAD-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Սիլվիա Շմիդը նույնպես բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն երկար տարիների պատմություն ունի։ Նա մանրամասնեց, թե ինչպիսին է ծրագրերին դիմելու կարգը։

«Հայտերի ընդունումը, ինչպես միշտ, սկսվում է աշնանը։ Դիմումների քննարկման գործընթացը մի քանի ամիս է տևում, ուստի դիմորդները պետք է մի փոքր համբերատար լինեն, քանի որ, բարեբախտաբար, շատ դիմումներ ունենք։ Մագիստրոսական կրթաթոշակների համար փետրվարին հիմնականում անցկացվում է նաև հարցազրույցի փուլը, իսկ արդյունքները դիմորդներին հայտնում են ապրիլին։ Արդեն մայիսին մեծ ուրախությամբ կրթաթոշակները հանձնում ենք հաղթողներին»։

Սիլվիա Շմիդը նշեց, որ իրենց  ամառային դպրոցի ծրագիրը բավականին սիրված ու տարածված է Հայաստանում։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն է ծանոթանալու գերմանական մշակույթին ու համալսարաններին, ինչը ուսանողների համար ճանապարհ է հարթում հետագայում նորից Գերմանիա վերադառնալու և ուսումը շարունակելու համար։

«Սա հրաշալի հնարավորություն է ուսանողների համար։ Մեր ծրագրի շրջանակում մենք լեզվի բարձր իմացություն չենք պարտադրում, քանի որ մեր նպատակն է հենց օգնել նրանց՝ բարելավելու իրենց գիտելիքները։ Ունենք նաև հատուկ դասընթացներ, որոնք միտված են տարբեր մասնագիտությունների գծով բառապաշարի հարստացմանն ու զարգացմանը»։

Սիլվիա Շմիդը կարևորում է, որ ծրագրերին դիմելիս ուսանողները հստակ պատկերացնեն իրենց նպատակներն ու հեռանկարները: Նրանք պետք է գիտակցեն, թե ինչ են անելու ուսումնառության ընթացքում և ինչպես են այդ գիտելիքները կիրառելու հետագայում՝ թե՛ Գերմանիայում և թե՛ Հայաստանում: Բայց ամենակարևորն այն է, որ ուսանողները կարողանան արդյունք ցույց տալ և լավագույնս ներկայացնել Հայաստանը Գերմանիայում։

Կրթաթոշակառու Նելլի Եսայանը «Ռադիոլուրին»պատմեց, որ ծրագրին դիմել է մեծ ոգևորությամբ։ Նա հետաքրքրված է հատկապես Գերմանիայի լեզվաբանական համալսարանով, և այս ծրագիրը հնարավորություն է՝ կրթությունը հենց այնտեղ շարունակելու։

«Որոշեցի դիմել DAAD-ին, քանի որ Գերմանիայիլ եզվաբանականհ ամալսարաններն ու ծրագրերը չափազանցարդյունավետ են, հատկապես՝ հետազոտողների համար։Դ իմել եմ Ռուսբուրգի համալսարան, որտեղից արդեն ստացել եմ հրավեր։ Այնուհետև, ըստ սահմանված ժամկետների, DAAD-ին եմ ներկայացրել իմ հետազոտական նախագիծն ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»։

Նելլի Եսայանը վստահեցրեց, որ ուսումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնի եկրի զարգացմանը։

Leave a Comment