Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին կոչ է արել սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկուսարանից ուղերձով դիմել է գյումրեցիներին՝ կոչ անելով ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Նրա տեսաուղերձը ցուցադրվել է Գյումրիի Վարդանանց հրապարակում դաշինքի հանրահավաքի ժամանակ։

Ղուկասյանը շեշտել է, որ հայոց ինքնությունը կորցնելու վտանգն այսօր ճնշում է բոլորին, և հիմա ճակատագրական ընտրության պահն է՝ կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել սեփական ինքնությունը։ Նա հավելել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առաջադրվելը «ի վերուստ է»՝ Աստծո և նախնիների շիրիմների առաջ, ու կոչ է արել ոտքի կանգնել, վերացնել աղքատությունն ու ատելությունը, որպեսզի երեխաները մեծանան խաղաղ ու հարուստ հայրենիքում։

Իր ուղերձում նա նշել է, որ քաղաքացիների սերն ու բարի մաղթանքներն իրեն ամեն օր փոխանցվում են, ինչն էլ ուժ է տալիս բանտախցի չորս պատի մեջ պայքարելու հանուն Գյումրիի և դրախտավայր Հայաստանի։ Ղուկասյանը հիշեցրել է համատեղ անցած ուղին, երբ երկրաշարժի փլատակներից միասին կառուցել են այսօրվա զարգացող Գյումրին, Վարդանանց հրապարակը, քաղաքապետարանի շենքն ու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Նրա խոսքով՝ շատերը տարիներ շարունակ փորձել են մուր քսել իր անվանը, իսկ երբ տեսել են, որ ժողովուրդը գիտի ճշմարտությունը, որոշել են բանտարկել իրեն՝ վախենալով բողոքի ալիքից։ Նա ընդգծել է, որ պաշտոնն ու փողն իր համար միևնույնն են, և ինքն իր ամենաթանկ ազատությունը զոհաբերել է հանուն երկրի ազատության։

«Մեկուսարանից՝ հայոց ազգի զավակ և զինվոր, և ծնող, և ձեր քաղաքապետ Վարդան Ղուկասյան»,- իր խոսքն այսպես է եզրափակել նա։

Ղուկասյանը կալանավորված է 2025 թվականի հոկտեմբերի 20-ից կաշառք պահանջելու և ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի մեղադրանքով։

Leave a Comment