Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրության նվազագույն չափն ու դրա կիրառման կարգը։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 28.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ է նշել, որ նշված կարգավորումը օրենքում լրացվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-93-Ն օրենքի 7-րդ հոդվածով։
Նշվածով պայմանավորված` 2025 թվականի հունիսի 30-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 574-Ա որոշումը։ Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետով նախատեսված է «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը։ Ուստի, օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորության իրացումն ապահովելու նպատակով, մշակվել է «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են անձանց, գույքի և օբյեկտների պահպանություն՝ հաճախ գործելով բարձր պատասխանատվության և վտանգավորության պայմաններում։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ մասնավոր պահնորդական կազմակերպություններին տրված է իրավունք՝ կիրառելու զենք, ինչպես նաև՝ հատուկ և տեխնիկական միջոցներ։
Վերոնշյալ լիազորություններն էականորեն մեծացնում են գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի մակարդակը, քանի որ զենքի և հատուկ միջոցների կիրառումը կարող է հանգեցնել տուժողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև՝ գույքային վնասների առաջացման։ Նման ռիսկերը կրում են ոչ միայն տեսական, այլ նաև՝ գործնական բնույթ, և դրանց իրականացման հավանականությունը պայմանավորված է պահնորդական գործունեության առանձնահատկություններով։
Միաժամանակ, գործող կարգավորումները ամբողջապես չեն ապահովում մասնավոր պահնորդական կազմակերպությունների քաղաքացիական պատասխանատվության ռիսկերի ապահովագրության միասնական և պարտադիր մոտեցում։ Բացակայում են հստակ սահմանված նվազագույն ապահովագրական չափերը, ինչպես նաև՝ ապահովագրության պլանավորման, ռիսկերի գնահատման և վերահսկման պարտադիր մեխանիզմները։ Արդյունքում, նախագծով առաջարկվող կարգավորումների բացակայությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ տարբեր կազմակերպություններ կարող են ունենալ տարբեր ծավալի ապահովագրություն՝ չհամապատասխանելով իրենց գործունեության իրական ռիսկայնությանը։ Այս պայմաններում հատկապես կարող է վտանգված լինել տուժողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ մասնավոր պահնորդական գործունեությունն ուղղակիորեն առնչվում է հանրային անվտանգությանը և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը, առաջանում է անհրաժեշտություն՝ սահմանելու կարգավորում՝ ուղղված պատասխանատվության ռիսկերի ապահովագրության նվազագույն չափի և դրա կազմակերպման միասնական մեխանիզմների սահմանմանը։
Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից իր պատասխանատվության ռիսկի ապահովագրության չափը և ապահովագրության կարգը՝ սահմանելով՝
1) Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց պատասխանատվության ռիսկի ապահովագրության նվազագույն չափը՝ մեկ ապահովագրական պատահարի համար ոչ պակաս, քան 5,000,000 ՀՀ դրամ, որը հանդիսանում է նվազագույն երաշխիք տուժողների համար,
2) ապահովագրության չափի որոշման չափորոշիչները,
3) ապահովագրության պլանավորումը, որի շրջանակներում կազմակերպությունները պարտավոր են նախապես գնահատել և պլանավորել իրենց ապահովագրական ծածկույթը,
4) ապահովագրության վերահսկման և դրա վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգավորվումները։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց պատասխանատվության ռիսկի ապահովագրության նվազագույն չափը, ապահովագրության չափի որոշման հստակ չափորոշիչները, ինչպես նաև՝ կներդրվի ապահովագրության պլանավորման ինստիտուտը, կկարգավորվեն ապահովագրության վերահսկման և դրա վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։