
ՀՀ երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մայիսի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին, հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ, 44-օրյա պատերազմը չէր սկսվի։ Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ արեց, որ պատերազմը սկսվի՝ տապալելով բանակցային գործընթացը և հրահրելով Ադրբեջանին։
Անդրադառնալով մայիսի 28-ին կազմակերպված զինվորական շքերթին՝ նա նշել է, որ իշխանությունները բանակն օգտագործում են բացառապես քարոզչական նպատակներով։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց պատերազմին, Քոչարյանն ասել է. «Երկկողմ օգնության մասին, որքանով ես գիտեմ, համապատասխան ընթացակարգերը չեն կիրառվել։ Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով»»։ Խորհուրդ է տվել չմխրճվել խոշոր երկրների բախումների մեջ, այլ համագործակցություն փնտրել նրանց հետ։
Նշել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու ձգտումներն անհամատեղելի են, և Ռուսաստանի պես գերտերության հետ չի կարելի խոսել երկիմաստ լեզվով։