«Սասունցի Դավիթ»-ն ու «Թամար»-ը բաց երկնքի տակ․ Թումանյանի այգին կվերածվի մշակութային բեմի

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կանցկացվի Երևանյան բալետային միջազգային փառատոնը: Հունիսի 2-ին և 3-ին կներկայացվի «Թամար» բալետի առաջնախաղը, որ Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով բեմադրել է բալետմայստեր Իլյա Ժիվոն: Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:

Վերջին ամիսների ամենապահանջված ներկայացումներից մեկը՝ «Սասուցի Դավիթ» բալետ-օրատորիան, կցուցադրվի բաց երկնքի տակ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ բեմադրված ներկայացումը վերջին ամիսների ամենամասշտաբային մշակութային նախագիծն է, որը ժամանակակից արտահայտչամիջոցներով անդրադառնում է հայոց էպոսին։

Օրատորիան երաժշտական ստեղծագործություն է երգչախմբի, մեներգիչների և նվագախմբի համար՝ ավելի հաճախ հոգևոր կամ դրամատիկ թեմայով։ 1 ժամ 35 րոպե տևողությամբ ներկայացման ընթացքում հանդիսատեսը միաժամանակ կտեսնի բալետային ներկայացումը, կլսի «Հող արթուն» էթնոէլեկտրոխմբի երաժշտությունն ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների հավաքական երգչախմբին։ Ներկայացումը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում է հունվարից։  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը մանրամասնում է՝ որոշել են  Երևանյան միջազգային բալետային փառատոն 2026-ի խաղացանկ ընդգրկել ներկայացումը, քանի որ ոչ միայն նորություն է այս ժանրում, այլև սպասված է հանդիսատեսի համար․

«Տարվա սկզբին և կամ նախորդ տարվա ավարտին ներկայացվեց արդեն լայն ճանաչում ստացած «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան՝ հավաքական երգչախմբի շուրջ 400 երեխաների մասնակցությամբ և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների մասնակցությամբ, որը վերջին տասնամյակներին ամենասպասված և ամենախոշորամասշտաբ բալետ-օրատորիաներից մեկն է, և որոշեցինք, որ նաև այս տարվա բալետային փառատոնին պետք է ներկայացնենք»։

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կցուցադրվի հունիսի 5-ին և 6-ին Թումանյանի անվան զբոսայգում, իսկ հունիսի 2-ին և 3-ին նույն վայրում կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով՝ անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրած «Թամար» բալետի առաջնախաղը։ Սարգսյանի խոսքով՝ ներկայացումն ամբողջությամբ ստեղծվել է Երևանում «Ախթամար» լեգենդի մոտիվներով․

«Հետաքրքիր պատմություն է երկու երիտասարդների, որոնք, երբ նայում ես, քեզ թվում է, որ հենց հիմա այդ դեպքը կատարվում է և առավել ևս կարող է կատարվել յուրաքանչյուրիս հետ։ Հայտնի սիրո մասին ամենասիրված, կարծում եմ, լեգենդներից մեկն է, որը շատ հետաքրքիր կլինի այս ձևաչափով, բալետային ձևաչափով տեսնել»։

Այս տարի Երևանյան միջազգային բալետային փառատոնը չորրորդ անգամ է անցկացվում։ Կազմակերպիչներն ասում են՝ երբ մտածում էին այս ձևաչափի մասին, մտահագությունները շատ էին՝ հանդիստատեսի արձագանքից մինչև միջազգային հյուրերի ընդունում․

«Ինչ-որ տեղ վստահ ենք եղել, որ եթե կարողանանք բոլոր կոմունիկացիաները ստեղծենք, պիտի ստացվի, և ես շատ լավ հիշում եմ առաջին տարվա հոսքը, որ սկսվեց դեպի Թումանյանի անվան զբոսայգի, մեզ վախեցնում էր այդ մարդկանց ծավալը, որովհետև գրեթե յուրաքանչյուր օրվա կտրվածքով միջինով 20000 մարդ է հավաքվում, և եթե եղել եք ներկա և նկատած կլինեք, որ նույնիսկ մեկ հատիկ բան գետնին թափված չէ։ Ինչ սիրով, համերաշխությամբ, մարդիկ իրար հետ վայելում են, և գիտեք, սա նաև լավ հնարավորություն է իրար հետ շփվելու, իրար հետ ծանոթանալու, ընտանիքով այդ զբոսայգում անցկացնելու համար»։

Ամենամասշտաբային բալետային ներկայացումները կազմակերպվել են նախորդ տարի, արտասահմանից Հայաստան են ժամանել 400-ից ավելի պարողներ, դերասաններ․

«Գիտեք, մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող թատրոնների համար հետաքրքիր էր և իրենց բառերով, եթե ասեմ, սա մարտահրավ էր իրենց համար, որովհետև երբ ստացել էին իրենք Երևանի քաղաքապետարանից հրավերը, մտածում էին, որ ինչպես է ամեն ինչը իրականանալու, որովհետև մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող թատրոնները առաջին անգամ բացօթյա ձևաչափով պիտի պարեին ամբողջական բալետային ներկայացումներ։ Մենք արել ենք առավելագույնը,  բեմահարթակի, տեխնիկական գրիմանոցների, հանգստի սենյակների առումով, որ իրենք այդ տարածության մեջ զգում էին թատրոնում»։

Այս տարվա ներկայացումները պակաս տպավորիչ չեն լինելու՝ վստահեցնում է Սարգսյանը։ Ընդգծում է, բացի բալետային արվեստի հանրայնացումից, մարդկանց իրար հետ կապելուց ու նոր հարթակ ստեղծելուց, այս իրադարձություններն ունեն նաև  կրթական ազդեցություն։ Մասնավորապես՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան նպաստել է էպոսի նկատմամբ հատկապես դպրոցահասակ երեխաներների հետաքրքվածությանը։

Բոլոր ներկայացումների սկիզբը ժամը 20-ին է։

Leave a Comment