«Ջերմուկ», ծաղիկներ, լոլիկ. ինչո՞ւ է ավելանում հայկական ապրանքների սահմանափակումների ցանկը ռուսական շուկայում

Հայկական արտադրանքի ներկրման նկատմամբ ռուսական վերահսկող մարմինների սահմանափակումներն ընդլայնվում են։ Վերջին շրջանում տարբեր պատճառաբանություններով խնդիրներ են արձանագրվել թե՛ «Ջերմուկ» հանքային ջրի, թե՛ հայկական լոլիկի, ծաղիկների և մի շարք այլ ապրանքների արտահանման գործընթացում։ Մոսկվան խոսում է տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների խախտումների մասին, իսկ Երևանում իրավիճակը գնահատում են որպես աշխատանքային։ Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման շուկայում, ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը պաշտոնական կողմերը։

Ռոսպոտրեբնադզորը (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) հրահանգել է «Չեստնի զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 մլն միավորի վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։ Պատճառաբանության մեջ մասնավորապես նշվում է.

«Որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։ Հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակը գերազանցող քանակություն»։  

Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգավոր լինել։

Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, որ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշում է, որ Հայաստանում անցկացված փորձաքննության արդյունքներով՝ «Ջերմուկ»–ը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

«Քանի որ «Ջերմուկի» շրջանառությունը կասեցրել է «Ռոսպոտրեբնադզորը»՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային  ծառայությունը, խնդրի կարգավորմամբ այս պահին զբաղվում  է Էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասով կարող ենք միայն ասել, որ մենք նմուշառում ենք կատարել «Ջերմուկից», լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել. հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլորիդ իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»։     

Մինչև այս որոշումը՝ 2026 թվականի սկզբից ի վեր, Ռոսպոտրեբնադզորի պահանջով, «Չեստնի զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել էր 38,4 մլն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։

Մայիսի 28-ին նոր հայտարարություն հնչեց Ռոսսելխոզնադզորից։ Խոսքն այս դեպքում    մայիսի 30-ից Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումների մասին է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ Երևանից դեռ արձագանք չեն ստացել։ Իսկ արդյոք Հայաստանի ՍԱՏՄ-ն պաշտոնական ծանուցում ստացե՞լ է։ Անուշ Հարությունյան.

«Ինչ վերաբերում  է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը. այո՛, տեսչական մարմինը մայիսի 28-ին ծանուցում  է ստացել այն մասին, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքները առաջիկայում կհրապարակվեն։ Առաջիկա մեկ  շաբաթվա ընթացքում կհասկանանք խնդիրը որտեղ է և ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել»։   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական սահմանափակումներին անդրադառնալով, իրավիճակն «աշխատանքային» էր որակել՝ նշելով, որ նախկինում էլ նման տասնյակ դեպքեր են եղել․

«Եթե ձեզ թվում է, թե նախկինում պրոբլեմներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք։ Այդ նույն պրոբլեմներն անընդհատ լինում են, և մեր բոլոր գործընկերներին ես 2018 թվականից այդ ուղերձը հղում եմ, որ բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին  համապատասխան։ Մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին  ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում։ Իսկ ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում, և այդ բոլոր շուկաներն այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին էլ ժամանակավորապես սահմանափակվել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։ Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնելու մի շարք հայկական ձեռնարկություններում: Այս դեպքում պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են այն մասին, որ դրանք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։ Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան ձեռնարկությունների տեսչական ստուգումներին: Ի՛նչ արդյունքներ են արձանագրվել՝ հետաքրքրվեցինք ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանից․  

«Բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-ից 27–ը ռուս գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք կներկայացվեն ամփոփվելուց հետո»։  

Տնտեսագետներն առայժմ դժվարանում են գնահատել, թե ռուսական սահմանափակումների այս շարքն ի՛նչ չափի վնաս կհասցնի հայ արտադրողներին և արտահանողներին, քանի որ գործընթացը դեռ շարունակվում է, իսկ որոշումների ծավալներն ու տևողությունը հստակ չեն։ Իսկ քաղաքական վերլուծաբանները համոզված են՝ իրավիճակի հիմքում ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործոններն են։

Leave a Comment