ՀԱԿ վարչության անդամ, լրագրող Արման Գալոյանը գրել է․
«Ռոբերտ Քոչարյանն այսօր անզգուշություն է ունեցել՝ հայտարարելով, թե՝ 1996թ. բանակն օգտագործվել է որպես քարոզչական գործիք, իսկ նախագահական ընտրությունները եղել են Հայաստանում ամենավատը։ «Բանակը, որպես քարոզչական գործիք, նախընտրական շրջանում օգտագործվել է միայն 1996 թվականին, երբ զորահանդեսից հետո միանգամից գնացել են ընտրության։ Ինչո՞վ ավարտվեցին 1996 թվականի նախագահական ընտրությունները, բոլորդ գիտեք՝ Հայաստանի համար եղել են ամենից վատ ընտրությունները, ամենից վատ»,- ասել է Քոչարյանը։
Նման դեպքերում հայտնի ասացվածքն ասում է. «чья корова мычала, твоя бы молчала»։ Ու քանի որ բանը հասել է այստեղ, հիշեցնեմ՝ 1996թ. զորահանդես եղել է ՀՀ անկախության 5-ամյակի առթիվ։ Ընդ որում՝ այդ զորահանդեսն անցկացվել է Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից 2 տարի անց։ Եվ ի՞նչ, եթե ՀՀ-ում սեպտեմբերի 22-ին նախագահական ընտրություններ պետք է լինեին, Անկախության 5-ամյակի առթիվ չպե՞տք է անցկացվեր զորահանդես, այն էլ՝ հաղթանակած բանակի զորահանդես։
Ի դեպ, նույն Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է եղել այդ միջոցառմանը՝ որպես Արցախի նախագահ՝ կանգնած ամբիոնին։ Ավելին, նույն Քոչարյանը 1996 թվականին թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում հրապարակայնորեն աջակցել է իշխանության թեկնածուին։ Քարոզչական գործիքը չգիտեմ, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման հարցում օգտագործվել է հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2008թ. մարտի 1-յան իրադարձություններին, որոնց հետևանքով ունեցանք 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, նաև՝ քաղբանտարկյալներ։
0038 գաղտնի հրամանն էլ՝ ասվածի ապացույց։ Չհաշված՝ Ղարաբաղից զորքեր բերելը, և այդ օրերին սահմանն անպաշտպան թողնելը։ Դա ամրագրված է, արձանագրված, նաև միջազգային իրավական փաստաթղթերով։ Բազմաթիվ են անհերքելի ապացույցները։
Ավելին՝ բանակն օգտագործվել է նաև 1998թ. ներպալատական հեղաշրջման ժամանակ, երբ պարտադրվել է նախագահին հրաժարական։ Այն ժամանակ պաշտպանության նախարարի՝ հայտնի ուժերի կազմում նախագահին հրաժարականի պահանջ ներկայացնելը ոչ այլ ինչ էր, քան բանակը ներքաղաքական հարցերում օգտագործել ու ներպալատական հեղաշրջում իրականացնել։
Հիմա 1996թ. ընտրությունների մասին. 1996թ. նախագահական ընտրություններին «ամենից վատ» բնութագիրն է տալիս մի մարդ, որի պաշտոնավարման ամբողջ ընթացքում Հայաստանում և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները, և՛ սահմանադրական հանրաքվեներն անցկացվել են խայտառակագույն կեղծիքներով, ամենաայլանդակ կեղծիքներով։ Եվ սա ոչ թե իմ գնահատականն է, այլ՝ միջազգային դիտորդական առաքելությունների։
Ներպալատական հեղաշրջումից հետո սահմանադրական կարգի խախտմամբ, չունենալով ՀՀ-ում 10 տարվա քաղաքացիություն ու մշտական բնակության ցենզ, Ռոբերտ Քոչարյանն առաջադրվեց ու կեղծիքներով զբաղեցրեց նախագահի պաշտոնը։
2003թ. նախագահական, 2004թ. խորհրդարանական ընտրությունները ևս անկացվել են խայտառակագույն կեղծիքներով. թերթեք այն ժամանակվա մամուլը, դիտեք տեսանյութերն ու, ի վերջո, ծանոթացեք միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներին և կիմանաք, թե ինչպես էին տեղամասերում քվեատուփեր առևանգում, ինչպես էին լցոնում, ուղղակի ընդդիմադիր թեկնածուների քվեաթերթիկները պատռում, նրանց վստահված անձանց ծեծում ու տեղամասերից դուրս շպրտում։ Քոչարյանականները չէին վարանել անգամ ահաբեկել միջազգային դիտորդական առաքելության ղեկավարին, որը հազիվ էր փախել տեղամասից։
Ու վերջապես Քոչարյանն իր պաշտոնավարումն ավարտեց 2008թ. խայտառակ կեղծված նախագահական ընտրություններով, երբ իշխանության ղեկը փոխանցում էր Սերժ Սարգսյանին (ու ոչինչ, որ տասնամյակներ անց պիտի խոստովանի, թե հետահայաց ամենաշատն ափսոսում ու զղջում է իր իրավահաջորդի հարցում)։ Նույն մեթոդները՝ լցոնումներ, ծեծ, սպառնալիք, քվեաթերթիկների կեղծիքներ․․․
Ու, ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիները մշտապես ասոցացվել են ընտրակեղծիքների, բռնությունների, դաժանությունների, քաղաքական սպանությունների, հաշվեհարդարների ու նման այլ բացասկան բաների հետ։ Եթե այդ ամենը թվարկենք, կարող են օրեր պահանջվել։
Մի բան էլ՝ եթե 1996թ. ընտրություններն ամենավատն էին Հայաստանի պատմության մեջ, ինչո՞ւ էր Քոչարյանը շտապել շնորհավորել ընտրված նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկապես, ինչո՞ւ։
Հ.Գ. Ի դեպ, լավ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրան խորհուրդ տային զերծ մնալ Լևոն Տեր-Պետրոսյանից ու նրա պաշտոնավարման շրջանի մասին այդպես խոսելուց, այլապես, կարող է շատ անհարմար իրավիճակ ստացվի. հիշեցնելու և ասելու շատ բան կա, և չեմ վարանի խոսել այդ ամենի մասին։ Առավել ևս, երբ այս ընտրություններում Քոչարյանի մրցակիցը Նիկոլ Փաշինյանը պետք է, որ լինի, այլ ոչ թե ՀՀ առաջին նախագահը, որ չի առաջադրել իր թեկնածությունը»։
