Աստանայում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը, մինչ այդ Պուտինն ու Լուկաշենկոն խոսել են Հայաստանի մասին

Աստանայում սկսվել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։

ՏԱՍՍ- ը հայտնում է, որ Աստանայի Անկախության պալատում դրան մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները։ Ըստ ռուսական պետական գործակալության՝ «Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հրաժարվում է մասնակցել ԵԱՏՄ միջոցառումներին՝ իր երկրում նախընտրական արշավի պատրվակով»։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության թեման եւ նրա հնարավոր դուրս գալու հետեւանքների հետ աշխատանքը անխուսափելիորեն կհայտնվեն տնտեսական միության երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում։

Բացի համագործակցության ընթացիկ խնդիրներից՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում են նաեւ միության զարգացման եւ մինչեւ 2029 թվականը նախատեսված ծրագրերի վերաբերյալ զեկույցները։ Զեկույցների թվում կլինի նաեւ բնական մենաշնորհների գործունեության կարգավորման մասին հաշվետվությունը եւ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյա գործունեության ամփոփումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մինչ այդ հայտնել է, որ նախօրեին Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ զրուցել են, կարճ քննարկել են նաեւ Հայաստանի շուրջ իրավիճակը։

«Հայաստանի հարցով կարճ կարծիքների փոխանակում եղել է, բայց այդ թեմայով բովանդակային երկար քննարկում չի եղել՝ պարզապես ժամանակ չի եղել»,– նշել է նա։

Leave a Comment