Յոթ երկրների արտադրության հարձակվողական ու պաշտպանական ժամանակակից սպառազինություն, հայրենական արտադրության ԱԹՍ-ներ։ Խոստացված զորահանդես-հաշվետվության ամենաուշագրավ հատվածը վերջին տարիներին ձեռք բերված զենք- զինամթերքի ցուցադրությունն էր։ Հանրությունը տեսավ, թե ինչ կա հայկական բանակի զինանոցում։ Ռազմական փորձագետները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում առանձնացրել են զորահանդեսի ամենաուշագրավ դրվագները։
Մեկ ժամից մի փոքր ավելի պահանջվեց, որ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության ու ռազմատեխնիկայի նմուշները մեկ պտույտ անեն Երևանի Հանրապետության հրապարակում․
«Հրապարակում են «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ «Կարիճ» ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ռազմական և արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար»։

Հակաօդային պաշտպանության միջոցներ, ինքնագնաց հաուբիցներ, ժամանակակից ռադիոլոկացիոն կայաններ․ առաջին անգամ հանրությունը տեսավ, թե Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին ինչ էր ամբարել բանակի զինանոցում։ Վերջին ամիսներին հանրային մեծ հետաքրքրություն կար հատկապես Հնդկաստանից և Ֆրանսիայից ներկրված զինատեսակների նկատմամբ։ Հրապարակով շրջապտույտ արեցին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները, հնդկական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերը, «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը․
«Բաստիոնը» բազմակի նշանակության զրահապատ մեքենա է` նախատեսված բարդ տեղանքում անձնակազմի արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու պարեկություն իրականացնելու համար։ Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եռակցված զրահապողպատով, ինչն ապահովում է 3-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի կառուցվածքը և հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային, հակահետևակային ականներից և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից»։

Զորահանդեսի բացման ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ ցուցադրվում են 7 երկրների արտադրության սպառազինություններ ու ռազմական տեխնիկա՝ ընդգծելով, որ ռազմատեխնիկական ոլորտում աշխարհագրությունը փոխվեց 2022-ից հետո․
«2022–ից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս»։
Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ցուցադրված զինամթերքի աշխարհագրությունը Ռուսաստանից հասնում է ԱՄՆ․
«Միանշանակ ռուսական զենքեր էլ էին ցուցադրվում, առնվազն հակաօդային պաշտպանության, հրետանային և այլն։ Կարելի է առանձնացնել հնդկականը, ֆրանսիականը՝ «Բաստիոն» զրահամեքենաները։ Կարելի է առանձնացնել Իրանից ձեռք բերվածները, ամերիկյան զինատեսակներ։ Ամենամեծ ԱԹՍ-ն՝ « Աղեղ» հայկական անվանումով չինական СH 4 մոդելի ԱԹՍ էր՝ բավական տպավորիչ»։
Ներկրված բոլոր զինատեսակները հայկական անուններ են ստացել։ Զորահանդեսի ամենաուշագրավ հատվածը, սակայն, ռազմական փորձագետի խոսքով, ոչ թե դրանց, այլ հայրենական արտադրության ԱԹՍ-ների ցուցադրություն էր․
«Ամենաառանձնացող մասը ընդհանուր զորահանդեսից երևի ԱԹՍ-ներն էին 2 պատճառով։ Առաջինը՝ վերջին տարիներին բավական լայն արձագանք ստացած, աղմուկ հանած և ընդհանրապես մարդկանց տպավորող նոր ձևավորված զինատեսակ է, երկրորդը, որ դրանց մեծ մասը արտադրված էին Հայաստանում, ըստ էության հայկական արտադրանք էին»։
«Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը նշանակում է՝ գաղափարից, նախագծումից ու փորձարկումից մինչև կիրառման հասնելու ճանապարհը զինատեսակն անցել է մեր երկրում՝ բացատրում է փորձագետը։ Սա բարդ, երբեմն ընդհատվող շղթա է, բայց արդյունքները՝ ավելի քան տպավորիչ․

«Ներկայացնում ենք հայրենական արտադրության «Աերոդինամիքս» ընկերության «Մեղու 5» անօդաչու թռչող սարքը։ «Մեղու 5–ը» նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թռչել 90 կմ/ժ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կմ շառավղով։ Միջոցը համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու և նշանակետերն արդյունավետ խոցելու համար»։
Օրեր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարել էր, որ առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել։ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ սա ևս նպաստելու է կարճ ժամանակահատվածում հայկական ռազմարդյունաբերության զարգացմանը․
«Ռազմաարդյունաբերությունը ավելի սենսիթիվ է, ինքը զարգանալու համար պիտի հնարավորինս լայն շուկա գրավի, հակառակ դեպքում միջոցները կլինեն շատ սահմանափակ։ Վերջապես, եթե մենակ տեղում արտադրում ես, ներքին սպառումն ես բավարարում, այսինքն` էդ ամբողջ արդյունաբերությունը, փաստորեն, պիտի գոյատևի միայն Հայաստանի բյուջեի հաշվին, որը լավ չի միանշանակ ոչ պետության, կառավարության, պետական բյուջեի տեսանկյունից, ոչ ռազմաարդյունաբերող ընկերությունների տեսանկյունից։ Վերջապես կան ինչ֊-որ արտադրանքներ, որոնք արդեն արտադրվել են տարիներ առաջ, դրանք արդեն ներդրվել են և դրանց մոդիֆիկացված տեսակները արտահանվում են»։
Ռազմական փորձահետ Լեոնիդ Ներսիսյանը օրեր առաջ Հանրային ռադիոյի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Հայաստանի համար կարող է օգտակար լինել Ուկրաինայի հետ համագործակցությունը․
«Կարծում եմ, որ շատ կարևոր կլիներ փորձել այդ ոլորտում համագործակցություն ունենալ, պարզ է, որ դա քաղաքականացված թեմա է՝ իր ռիսկերով ու բարդություններով։ Այնտեղ հիմա, բացի հենց արտադրական և պրոդուկտի տեսակետից, նաև կիրառման շատ մեծ փորձ կա, որը, օրինակ, հենց այդ համատեղ ինչ-֊որ աշխատանքով կարելի է ստանալ»։
Զորատեսակների շքերթը ամփոփվեց Երևանի երկնքում․

«Օդում են «Սու 30» բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ ինքնաթիռները` ավիացիայի պետ, Մարտական ծառայության մեդալակիր, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։ Համալրված են փոքր և միջին հեռավորության ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող սավառնող ռուբերով։ Նրանց են հաջորդում «Սու 25» գրոհային ինքնաթիռները»։
Ժամանակակից սպառազինությունների կողքին ցուցադրվեցին նաև ինժեներական զորքերի նոր հանդերձանքն ու հնարավորությունները։ Այս զորքերը նախատեսված են ստորաբաժանումների ժամանակին և ծածուկ տեղաշարժի, խուսավարման անհրաժեշտ պայմանների ստեղծման, պայմանական հակառակորդի բոլոր տեսակի խոցման միջոցներից զորքերի և օբյեկտների պաշտպանվածության բարձրացման, նաև ինժեներական զինամթերքով պայմանական հակառակորդին կորուստներ հասցնելու և նրա գործողությունները դժվարացնելու համար։