«Կլերմոն Ֆուտ U19» թիմը դուրս է եկել Ֆրանսիայի պատանեկան թիմերի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիական ակումբի այս մրցաշրջանի նկատելի ֆուտբոլիստներից մեկը 17-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանն է։
Կանոնավոր առաջնությունում «Կլերմոն Ֆուտ U19»-ը զբաղեցրել էր առաջին տեղը իր խմբում։ Այս արդյունքը թիմին թույլ տվեց դուրս գալ մրցաշարի վճռորոշ փուլ և շարունակել պայքարը չեմպիոնական տիտղոսի համար։
Փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում «Կլերմոն Ֆուտ U19»-ը հանդիպեց «Մարսել U19»-ի հետ։ Հիմնական ժամանակը հաղթող չորոշեց, իսկ կիսաեզրափակչի ուղեգրի ճակատագիրը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ «Կլերմոնը» ուժեղ գտնվեց 7:6 հաշվով, իսկ վճռորոշ հարվածը դիպուկ իրացրեց հենց Միլան Ղարիբյանը։ Հայ կիսապաշտպանը վստահորեն կատարեց յոթերորդ 11-մետրանոցը և իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ։
«Կլերմոն Ֆուտ U19»-ի կազմում 17-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։