Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ միներալները: Հուշագրի նպատակը Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով, կան միներալներ, որոնք քառասուն, հիսուն տարի առաջ, բացի գիտականից, էական հետաքրքրություն չեն առաջացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նկատեց վարչապետը:
Մայիսի 26-ին Երևանում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։