Անվճար առողջապահություն, մինչև 3 միլիոն դրամ վարկերի ներում և համաներում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումների ժամանակ ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները։ Ի՞նչ փոփոխություններ է խոստանում ԲՀԿ-ն և ինչպե՞ս է պատրաստվում լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները։
ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Ընտրարշավի հենց սկզբից Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը որևէ պաշտոնի ձգտում չունի։ Նա նաև վստահեցրեց, որ իրենց քաղաքական թիմը վարչապետի 4 թեկնածու ունի, սակայն մինչ այսօր ԲՀԿ առաջնորդը չի հնչեցրել թեկնածուներից որևէ մեկի անունը։
«Անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել. մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանաց աշխատանք է: Ով կարող է լինել, ով այդ փորձն ունի, ու իմ թիմն էլ կհամաձայնի այդ ազգանվան հետ, նա էլ կլինի»:
Թեև վարչապետի թեկնածուի անունը չեն հայտնում, քարոզարշավ իրականացնում են լայն թափով։ Ծառուկյանն ընտրողներին վստահեցնում է, որ իր թիմն ունի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման բանալին։ Դա երաշխավորված խաղաղության մեջ ապրող, բարեկեցիկ, մարդկային արժանապատվությունը բարձր պահող «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն է։
ԲՀԿ առաջնորդն ասում է, որ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ նկատել է, որ մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում և սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը։ Հենց այս նպատակով էլ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում խաղաղության երաշխավորումն ու սոցիալական արդարությունն են, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կառուցել անվտանգ և բարգավաճ Հայաստան։
«Ուսումնասիրել ենք, նայել ենք, տեսել ենք՝ այսօր չկա մի խնդիր, պրոբլեմ, հարց, որը լուծում չունենա»:
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի մի ամբողջ բաժին նվիրված է առողջապահությանը, անդրադարձ է կատարվել նաև կրթական ոլորտին։
«Պետք է առողջապահությունն ու կրթությունը լինեն անվճար, վարկերի խնդիրը պետք է լուծվի. այսօր ամբողջ ազգը վարկի տակ է. ունենք 650 հազար ընտանիք, 2 մլն վարկառու։ Պետությունը մինչև երեք միլիոն դրամի վարկերին պետք է ներում շնորհի։ Ինչ ասում եմ՝ եթե դուք ընտրություն կատարեք, անմիջապես առաջին նիստին այդ հարցերը դրվելու են»։
ԲՀԿ ղեկավարն իր նախընտրական ծրագրում անդրադառնում է նաև քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը։ Ըստ նրա՝ մինչև 10 տարի ազատազրկվածների համար պետք է համաներում հայտարարվի։
«Այսօր կալանավայրերում 4 տեղանոց սենյակում 20 հոգի մարդ է մնում։ Համաներում պետք է արվի»։
ԲՀԿ առաջնորդն առաջարկում է նաև բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը և արդիականացնել մարզային հիվանդանոցները։
ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու է104 հոգուց բաղկացած ցուցակով։