Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եկեք արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք, որը խորքային նշանակություն ունի ինչպես ԱՄՆ-Հայաստան, այնպես էլ Արևմուտք-Հայաստան հարաբերությունների համատեքստում։
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության պայմանագիրը ստորագրվեց դեմոկրատական վարչակազմի օրոք, իսկ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ստորագրվում է արդեն հանրապետական վարչակազմի ժամանակ։
Ներկա պահին Միացյալ Նահանգներում դեմոկրատների ու հանրապետականների գաղափարական տարբերությունները, թերևս, պատմական նվազագույնին են հասել, բայց այս դեպքում փաստն այն է, որ ամերիկյան կողմի համար հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված չեն առանձին քաղաքական ուժի համակրանքներով, այլ կրում են ինստիտուցիոնալ բնույթ։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանի հետ գործընկերությունը համարվում է կարևոր առաջնահերթություն՝ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին գտնվում իշխանության ղեկին։
Նույնը պետք է արձանագրենք նաև ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից․ թեև այս բևեռների միջև կապերը, կարելի է ասել, գտնվում են ճգնաժամային փուլում, սակայն Հայաստանի հարցում կրկին առկա է ինստիտուցիոնալ կոնսենսուս։ Հայաստանն այն հարթակներից մեկն է, որտեղ այդ երկու կողմերի միջև կա փոխադարձ ընկալում ու շահերի համադրում։
Այնպես որ, տարիներ շարունակ տարածվող «Հայաստանն ում է պետք» նեոբոլշևիկյան քարոզչությունը փլուզվեց, և հիմա արդեն ինստիտուցիոնալ մակարդակով արձանագրվում է, որ մեր երկիրը կարող է և դառնում է զարգացած համակարգերի գործընկեր ու, ամենակարևորը, տարածաշրջանային լուրջ դերակատար»։
