Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է Մոսկվային

Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, օրինակ, թանկ գնով, արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա:

ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ այսօր պնդել է, թե ի տարբերություն Եվրամիության, «ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է փոխադարձ հարգանքի ու իրավահավասարության հիմքի վրա»:

«Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում: Էդ ես չեմ որոշելու, էդ դուք եք որոշելու: Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այլընտրանքներ: Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում, որովհետև իրենք պետք է առաջարկ անեն հայ ժողովրդին, ասեն՝ էլ լավ բանը կանենք, էն կանենք, իրենք հակառակը՝ ասում են՝ էս վատ բանը կանենք», – նշեց Փաշինյանը:

Ընդգծելով՝ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, վարչապետն ասաց. «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվեր՝ Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Այդ դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող էր համապատասխան հետևություններ անել և գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հակված չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կարող է ընդունել միայն Հայաստանը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment