Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Նոր ուժ» կուսակցությունը քաղաքացիների հետ հանդիպումներում շարունակում է ներկայացնել իր ծրագրի հիմնական դրույթները՝ եվրոպականացումից մինչև երիտասարդ ընտանիքներին աջակցություն։
«Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով հանդես եկող քաղաքական ուժը մանրամասնել է իր նպատակները, անդրադարձել կոալիցիաների հնարավորությանն ու ազգային արժեքների վերականգնմանը։
«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց ընտրական նպատակները բաժանել են երկու մասի՝ մաքսիմում և մինիմում։ «Նոր ուժ»-ը մինիմում ծրագրով հույս ունի մտնելու խորհրդարան, իսկ մաքսիմումով՝ հասնելու իշխանափոխության․
«Նվազագույն նպատակը (մինիմումը) խորհրդարանում ներկայացված լինելն է, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը՝ այն, ինչի համար մարդիկ մեզ ձայն են տալիս։ Իսկ առավելագույնը (մաքսիմումը) իշխանափոխություն անելն է, որպեսզի այսօրվա իշխանությունն այլևս չգործի և դադարեցնի իր սխալ ընթացքը։ Ըստ մեզ՝ այն ճանապարհը, որով այսօր տանում են մեր իշխանությունները, լիովին սխալ է»։
«Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագիրը հիմնված է 7 հիմնական ուղղությունների վրա։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք պատրաստվում են իրագործելու դրանք իշխանության գալուց հետո։ Առաջնահերթությունների շարքում եվրաինտեգրումն է․
«Եվ այսպես, հենց առաջին կետով նախատեսվում է եվրոպականացումը։ Ի՞նչ է պետք անել. պետք է բարձրացնել և եվրոպական ստանդարտների հասցնել մեր տեղական արտադրությունը, որպեսզի և՛ մենք օգտվենք, և՛ կարողանանք դուրս գալ եվրոպական շուկա։ Եվրոպական ստանդարտների ենք բարձրացնում ու հասցնում նաև մեր արդարադատությունը, բնապահպանությունը, խոսքի և մամուլի ազատությունը»։
Կուսակցությունը խոստանում է իշխանության գալուց հետո արգելել օնլայն խաղատների գործունեությունը։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքով՝ կարգին երկիր կառուցելու համար իրենք թեթևացնելու են հարկային բեռը, ապահովելու են անվճար բարձրագույն կրթություն, ինչպես նաև աջակցելու են երիտասարդ ընտանիքներին։ Կուսակցության համար մեծ նշանակություն ունեն ազգային արժեքները։
«Հիմա կլինեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե մեր այդ կետն ինչո՞ւ է կոչվում «Վերադարձ ազգային արժեքներին»։ Որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունները գնում են ուրացման ճանապարհով և սկսել են սիմվոլներից՝ Արարատից, Եկեղեցուց, Ցեղասպանության հիշողությունից և այլն… Եվ օր առաջ այս ամենը պետք է կանգնեցնել։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Շատ պարզ. Հունիսի 7-ին գնում ենք ընտրության և հենց մյուս օրվանից սկսում ենք կառուցել կարգին երկիր»։
Քաղաքական ուժը չի բացառում այլ կուսակցությունների հետ գործակցությունը, սակայն ընդգծում է՝ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե չի հակասի կամ վնասի իրենց որդեգրած ուղուն։
«Չենք գործակցելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Մնացած ուժերի հետ կոալիցիոն շրջանակներում, պառլամենտարիզմի ոգուն համահունչ, կփորձենք համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի համագործակցենք, քանի որ պառլամենտարիզմը հենց դրա մասին է։ Սակայն դա չի լինելու ի վնաս մեր դիրքորոշումների, ի վնաս մեր սկզբունքների, որովհետև մարդիկ մեզ ձայն են տալիս հենց մեր սկզբունքների ու դիրքորոշման համար։ Մենք չենք կարող ուղղակի կոալիցիա կազմել՝ կոալիցիա կազմելու համար»։
Քաղաքական գործիչ Հայկ Մարությանը՝ նաև որպես դերասան, հաճախ հումորի միջոցով է ընտրողներին հասցնում իր հիմնական ուղերձները։ Նա նկատում է, որ մարդիկ իր գործողությունները երբեմն ճիշտ չեն հասկանում, և ընդգծում է՝ հաճախ է հանդիպում այնպիսի մեկնաբանությունների, ինչպիսիք են՝ «դու դերասան ես, ի՞նչ գործ ունես քաղաքականության մեջ, սա քո տեղը չէ»։ Սակայն հակադարձում է՝ եթե ամեն մեկը զբաղվի միայն իր գործով, ապա ո՞վ է զբաղվելու քաղաքականությամբ։
«Իրականում դա շատ պրիմիտիվ և ոչինչ չասող արտահայտություն է, որովհետև չես հասկանում, թե դա ինչ խոսք է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Այսինքն՝ քիմիկոսը զբաղվի քիմիայով, ֆիզիկայի դասախոսը՝ դասախոսությամբ, իրավաբանը՝ իրավաբանությամբ, լրագրողը՝ լրագրությամբ… Բա քաղաքականությամբ ո՞վ զբաղվի՝ այն մարդի՞կ, ովքեր կյանքում ոչ մի բանի չեն հասել, այն անբան հուռինե՞րը, բազմոցին նստած դատարկախոսողնե՞րը։ Սրա՞ մասին է խոսքը»։
Մարությանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն այսօր ազգային, պետական ինքնության խոր ճգնաժամի մեջ է։ Նա ընդգծում է՝ իրենք հանձն են առնում քաղաքական գործունեությամբ վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ և նոր ընթացք են տալու Հայաստանի Հանրապետության զարգացմանը։