Տարածաշրջանային իրադարձություններն ու տուրիզմը Հայաստանում

Հանդիպում քաղաքականություն մշակողների, այն ուղղակիորեն իրենց վրա կրողների և մասնագետների հետ։ Հանդիպման վայրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնն էր, շահագրգիռ կողմերը՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, պատասխանատուներն ու մասնագետները։ Կայուն զբոսաշրջության զարգացման տնտեսական առանձնահատկությունները քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային փոփոխությունների համատեքստում։ Նույնիսկ այդ պայմաններում Հայաստանը առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջության աճ է ունեցել 17,2 %։

Հնարավորինս շատ շահույթ գեներացնել՝ տարածաշրջանային իրադարձություններով պայմանավորված։ Այսպես ասենք՝ ամենաշահագրգիռ ոլորտն այս դեպքում տուրիզմն է։ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով պայմանավորված՝ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը ակնհայտ է՝ ասում են մասնագետները։ ՀՊՏՀ Միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ այդ առումով այս պահին ծառայությունների ոլորտն է հիմնական օգուտը քաղում․

«Խոշոր հաշվով՝ հիմնական օգուտը ծառայությունների ոլորտում է, և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպը ՀՀ ՀՆԱ կառուցվածքում հենց դա է վկայում։ Բայց առանձին հաշվարկ համակարգված ձևաչափով դեռևս չկա, որովհետև զբոսաշրջության անուղղակի էֆեկտը սննդի ծառայությունների վրա, նրա անուղղակի էֆեկտը տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հյուրանոցային տնտեսությունների վրա բավական մեծ է։ Ուղղակիորեն հաշվարկվող մեխանիզմ դեռևս նոր է դրվում, և վստահաբար կարելի է ասել, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք կունենանք դրա հաշվարկման և վիճակագրության վարման լիարժեք համակարգ և բնականաբար անհրաժեշտ գնահատման չափանիշներ»։

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը ավելացել է հատկապես ԱՄԷ-ից, Լիբանանից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնը քննարկում էր կազմակերպել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը՝ հասկանալ, թե ինչպես են ազդում ՀՀ տուրիզմի ոլորտի վրա վերջին իրադարձությունները․

«Զբոսաշրջությունը չի դիտարկվում միայն այցելավայրերի հետ կապված ինչ-որ քաղաքականություն։ Այն  արդեն ընդգրկում է միջոլորտային շրջանակև ներառում է տնտեսությունը, սոցիալական համակարգը, բնապահպանական ոլորտը»։

Զբոսաշրջությունը շատ արագ ու դինամիկ է զարգանում, տարածաշրջանը նույնպես շատ արագ է փոխվում՝ ընդգծում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նշում է՝ զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանն ունի իր տեղը։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը այս ոլորտի ամբողջ ներուժը չի օգտագործում։

«Կարևոր խնդիրներից մեկը զբոսաշրջության ապակենտրոնացումն է Երևանից դեպի մարզեր։ Տարիների ընթացքում կարծեք այդ արդյունքը երևում է։ Նորանկախ Հայաստանի զբոսաշրջության սկզբում ունեինք 45 հզր զբոսաշրջային այցելություն։ Հյուրանոցները մատների վրա կարելի էր հաշվել՝ շուրջ 5 հյուրանոց՝ Երևանում։ Այժմ շուրջ 7․800 հյուրանոցային օբյեկտ կա Հայաստանում»։

Հյուրանոցային տնտեսությունների 60 %-ը մարզերում են։ 2026 թ. մարտին Հայաստան է այցելել 152 հզր 444 զբոսաշրջիկ։ Անցած տարի նույն ժամանակահատվածում 129 հզր 887 զբոսաշրջային այցելություն է եղել։ 2026 թ․ մարտին ամենաշատ զբոսաշրջային այցելությունները եղել են Ռուսաստանից (40 %), Վրաստանից (15 %) և Իրանից (8 %)։ Տուրիստների սիրելի ուղղություններն են Տավուշն ու Լոռին։ Տավուշում նախընտրելի վայրերից առաջատարը Դիլիջանն է։

Meet Dilijan նախագծի ղեկավար Դիաննա Ասլանյան․ «Դիլիջան գալիս են, շատ շատ են գալիս, քանի որ հիմա էլ Դիլիջանը համարվում է կլաստերներից մեկը, եթե ոչ ամենամեծն ու կարևորը այս պահին, ինչը մեզ համար մեծ առավելություն է։ Արձանագրեցինք, որ 400-ից ավելի հյուրանոցային տնտեսություն, հոսթելներ, հյուրատներ, օրավարձով բնակարաններ կան»։

Միայն 2025-ին 240 հզր զբոսաշրջիկ է այցելել Դիլիջան՝ ընդգծում է Դիանա Ասլանյանը, ամփոփելով, որ առաջին տեղում ՌԴ-ից, ապա ԱՄԷ-ից, հետո արդեն եվրոպական երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկներն են։

Leave a Comment