Զորահանդեսի փորձեր, փակ փողոցներ․ խցանված Երևանը պատրաստվում է Մայիսի 28-ին

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներն ու Մայիսի 28-ի զորահանդեսի փորձերը գրեթե պարալիզացրել են քաղաքային երթևեկությունը․ Yandex-ի քարտեզներում խցանումները հասել են 10 բալի։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները դժգոհել են ժամերով չշարժվող մեքենաներից ու կաթվածահար փողոցներից։ Կառավարության որոշմամբ՝ դեռ ամիսներ առաջ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է քննարկի, գնահատի երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումները և առաջարկներ ներկայացնի։

Այս ռեպորտաժի պատրաստման պահին, Yandex-ի տվյալներով, մայրաքաղաքում 10-բալանոց խցանումներ են։ Քաղաքի կենտրոն տանող բոլոր փողոցները կաթվածահար են, մեքենաները՝ ժամեր շարունակ տեղում կանգնած, առանց մանևրելու կամ առաջ ընթանալու հնարավորության։

Մայրաքաղաքում խցանումների պատճառները քիչ չեն։ Ըստ պաշտոնական թվերի՝ Երևանի փողոցներում երթևեկող մեքենաների թիվն ամեն տարի ավելանում  է 11 հազարով, ամեն օր դրանց ավելանում են հարակից մարզերից Երևան մուտք գործող տրանսպորտային միջոցները։ Սակայն այսօրվա խցանումների գլխավոր պատճառն այլ է․ փողոցները փակ են Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսի փորձերի պատճառով։

Երևանի քաղաքապետարանը նախապես տեղեկացրել էր, որ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով մայիսի 26-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Քաղաքացիները չեն շրջանցել միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատճառով առաջացած անհարմարությունների թեման։ Սոցիալական ցանցերում  կարծիքների և գնահատականների պակաս չկա։ Օգտատերերի մի մասը նշել է, թե քանի ժամում է քաղաքի մի կետից մյուս կետը հասել կամ այդպես էլ չի կարողացել հասնել, մյուս մասը պարզապես վրդովմունք է հայտնել։

«Հնարավոր չէ՞ր միջոցառումն այնպես կազմակերպել, որ ժողովուրդը չտուժի: Եթե այսօր գրեթե բոլոր փողոցները փակ էին լինելու, և արդեն առավոտից երթևեկությունը պարալիզացվելու էր, ապա կարելի էր պարզապես ոչ աշխատանքային օր հայտարարել կամ առնվազն աշխատանքը հեռավար կազմակերպել»:

«Քաղաքում այնպիսի խցանումներ են, որ մարդիկ Մյասնիկյան պողոտայում իջնում են ավտոբուսներից և քայլում դեպի Հերացու փողոց»։

Փողոցների խցանումները ոչ միայն քաղաքացիների վրդովմունքն են հարուցել, այլև վերհանել քաղաքային կառավարման, երթևեկության պլանավորման բացերը։

    «Ռադիոլուր»-ի հետ զրույցում երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը, խոսելով կառավարման ու պլանավորման բացերի մասին, առաջնային խնդիր է համարում ոլորտում որակյալ մասնագետների լուրջ պակասը․

    «Պրոֆեսիոնալ մոտեցման մասին խոսք չկա։ Ուղղակի ուզեցինք, այսպես արեցինք։ Այսինքն՝ այն ինստիտուցիոնալ համակարգը, որը պետք է լիներ, որը պետք է զբաղվեր պլանավորմամբ ու կազմակերպմամբ, կա՛մ չկա, կա՛մ շատ վատ է աշխատում»։

    Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով, 2025 թվականի դեկտեմբերի 11-ին կառավարության որոշմամբ, միջգերատեսչական խումբ է ստեղծվել։ Այն պետք է մասնագիտական առաջարկներ, տեխնիկական  լուծումներ, միջազգային հաջողված փորձի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնի ավտոմեքենաների թվի աճով պայմանավորված երթևեկության կազմակերպման գործող մոտեցումների վերանայման համար։

    Ըստ կառավարության որոշման՝ աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Նա  կատարված աշխատանքի վերաբերյալ պետք է 15-օրյա պարբերականությամբ զեկույցներ ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամյսա պարբերականությամբ էլ լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում կատարի։ 

    «Ռադիոլուր»-ն աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հետաքրքրվել էր, թե չափելի ի՞նչ նպատակներ են սահմանել․ օրինակ՝ մեկ տարում Երևանի փողոցների խցանումները քանի՞ տոկոսով կնվազեն։ Փոխվարչապետի գրասենյակից մասնավորապես արձագանքել են։

    «Կատարվող աշխատանքների տրամաբանությունից և ընթացիկ քննարկումների բնույթից ելնելով՝ վերջնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները կհստակեցվեն աշխատանքային գործընթացի բնականոն գործընթացում՝ մասնագիտական քննարկումների և ներկայացված առաջարկությունների ամբողջական վերլուծության ավարտից հետո»։

    Ըստ փոխվարչապետի գրասենյակից ստացված պատասխանի՝ առաջարկությունները գնահատվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր միջոցառման առանձնահատկությունը։ Աշխատանքային գործընթացում դիտարկվում են դրանց հնարավոր ազդեցությունը երթևեկության կազմակերպման վրա, ինչպես նաև իրավական, տեխնիկական ու ենթակառուցվածքային հնարավորությունները։

    Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ հանրությանը պարբերաբար կներկայացվեն միջգերատեսչական խմբի առաջարկները, ընդունված որոշումներն ու ձեռք բերված արդյունքները։

Leave a Comment