Մադրիդի «Ռեալը» Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուց հետո կվճարի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս գումարը գրեթե նույնն է, որքան ստանում էր «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնին։
Պարբերականը նաև հաստատում է այն տեղեկությունը, որ «Ռեալը» Մոուրինյուի ներկայիս ակումբին՝ Լիսաբոնի «Բենֆիկային», ընդհանուր առմամբ 7 միլիոն եվրո կվճարի պայմանագրի վաղաժամկետ խզման համար։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ պորտուգալացի մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն մադրիդյան թիմը գլխավորում էր 2025 թվականի ամառվանից մինչև 2026 թվականի հունվար։ Ինչ վերաբերում է Մոուրինյուին, ապա նա արդեն ունի իսպանական ակումբում աշխատելու հարուստ փորձ. պորտուգալացին «Ռեալի» ղեկը ստանձնել էր նաև 2010-ից 2013 թվականներին։