Խորհրդարանական նախընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ՝ արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի գլխավոր առանցքը դառնում է ամերիկյան հովանու ներքո մշակված TRIPP նախագիծը։ Տարածաշրջանային ապաշրջափակման և Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող այս ծրագիրը քաղաքական դաշտում ջրբաժան է ստեղծել։ Մինչ իշխանությունը նախագծի կենսագործումը տեսնում է բացառապես Վաշինգտոնի միջնորդությամբ, ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերը հանդես են գալիս սեփական, հաճախ արմատապես տարբերվող այլընտրանքներով, վերապահումներով ու աշխարհաքաղաքական հաշվարկներով։
Միջա՞նցք, տրանսպորտային հանգո՞ւյց, թե՞ անվտանգային սպառնալիք. ընտրական պայքարի աշխուժացմանը զուգահեռ՝ TRIPP–ը դառնում է հիմնական քաղաքական ուժերի տարաձայնությունների և շեշտադրումների առանցքը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը թեև չի մերժում նախագծի ստորագրումը, սակայն դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը շեշտում է փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը։
«Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից, մենք ուսումնասիրելու ենք․ եթե մեր պետությունն օգտվում է, նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա, իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք»։
Քաղաքական ուժը TRIPP–ի իրագործումը պատկերացնում է բացառապես հստակ երաշխավորների առկայության դեպքում։ «Ուժեղ Հայաստան»-ի` վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը, որոշ փակագծեր բացելով, նշում է, որ ամերիկյան կողմի միջնորդությանը դեմ չեն։ Անդրադառնալով Իրանին ու Ռուսաստանին՝ վստահեցնում է, որ բարիկադների տարբեր կողմերում գտնվող Վաշինգտոնի, Թեհրանի և Մոսկվայի միջև TRIPP-ի շուրջ համաձայնության հասնելը լավ բանակցողի աշխատանքի արդյունք է լինելու։
Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Հայաստան» դաշինքի` վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քննադատում է TRIPP–ը։ Այդ ծրագրով, հիշեցնենք, նախատեսվում է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի տարածքով կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
«Միացյալ Նահանգներն այսօր պատերազմական վիճակում է Իրանի հետ, ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնելը ամերիկյան ընկերության, դա նորմա՞լ եք համարում, Իրանը դա ո՞նց կընդունի: Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղը»։
Պաշտոնական Երևանի հավաստիացումները, որ Իրանի հետ հարաբերություններում ռիսկեր չկան, չեն համոզել Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնելով Թեհրանից հնչող անհանգստությունները՝ Քոչարյանն առաջ է քաշում այդ մտահոգությունները փարատելու իր բանաձևը, այն է՝ Ռուսաստանի ներգրավումը։
«Պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանն ունի դրական վերաբերմունք: Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհն ու ասել, որ մենք ինքներս՝ Հայաստանի Հանրապետությունը, այդ հնարավորությունը՝ կապելու Նախիջևանը Ադրբեջանի մյուս հատվածի հետ, ստեղծում ենք, խնդրեմ, օգտվեք»։
TRIPP-ը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիք համարող Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում առաջնահերթություն է դիտարկում Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկումը։ Խոսքը Ռուսաստանի ռազմական աջակցությամբ Վրաստանից անջատված այն տարածքի մասին է, որը Թբիլիսին պաշտոնապես համարում է օկուպացված։
TRIPP-ին դեմ չէ, սակայն վերապահում ունի «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․
«Դա օգուտ է, բայց պետք է ճիշտ…, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է, պետք է մենք Չինաստանի հետ էլ, Ռուսաստանի, Պարսկաստանի հետ էլ պայմանավորվենք՝ ճանապարհը բաց է, թող աշխատի, դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով՝ մենք իրավունք չունենանք ոչ մի բանի: Պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան, քննարկենք, նստենք կլոր սեղանի շուրջ»։
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում «Թրամփի ուղի» նախագծի մասին ուղղակի հիշատակում չկա, այդուհանդերձ փաստաթղթում ընդգծվում է, որ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Երևանի հիմնական գործընկերներն ու դաշնակիցները պետք է լինեն Ռուսաստանը և Իրանը։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ն էլ առաջարկում է, որ Հայաստանը կնքի, իրենց ձևակերպմամբ, դարի գործարքը, որով կյանքի կկոչվի TRIPP գումարած BRICS ծրագիրը։ Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ հանգույց պետք է լինի՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք՝ ասում է ՀԱԿ` վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ կարևորելով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը.
«Հայաստանը մեկ երկրի՝ Իրանի միջոցով, ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի»։
Ի տարբերություն ընդդիմադիր այն ուժերի, որոնք տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման երաշխիքները տեսնում են Ռուսաստանի կամ Իրանի ուղղակի ներգրավվածության մեջ, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան»-ը շեշտը դնում է բազմակողմ միջազգային պայմանագրերի և իրավական ամուր հիմքերի վրա։ Ըստ կուսակցության՝ TRIPP–ի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի ոչ թե առանձին պետությունների բարի կամքով, այլ միջազգային հանրության և հստակ իրավական մեխանիզմների միջոցով։
Իշխանություններն իրենց հերթին անիրագործելի են համարում ընդդիմադիրների նման մոտեցումները՝ փաստարկելով, որ TRIPP–ը կարող է իրականություն դառնալ բացառապես ամերիկյան միջնորդության շնորհիվ՝ առանց վնասելու Ռուսաստանի և Իրանի շահերը։
Ի հեճուկս մտահոգությունների՝ հայ-ամերիկյան փաստաթղթերը հենց հայկական կողմին է տալիս իր տարածքում անվտանգության և մաքսային վերահսկողության իրավունքը։ Սակայն չի բացառվում, որ Երևանը որոշի այդ լիազորությունները փոխանցել միջնորդ արտաքին կառույցի, այսպես ասենք, front օֆիսի։