Քոչարյան. Այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար

Վայքում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթը սկսեց արտաքին քաղաքանության ռիսկերից, պնդելով՝ այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար:

«Ես Ագնեսայից [ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. – խմբ.] իմացա, որ կաշառել եմ ռուսներին», – ասաց Քոչարյանը:

«Ռուսներն ասում են՝ «խելքներդ հավաքեք»: Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո թվում էր, թե պետք է վերանայեն։ Չես կարող երկու աթոռի վրա նստել», – նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով. – «Դե ձեր լոլիկը տարեք Լիտվային վաճառեք»:

«Հիմա էլ պարզվում է, որ ոչ թե իրենք են բզում, բզում ռուսներին, այլ ընդդիմությունն է մեղավոր», – ասաց Քոչարյանը:

«Դու տանում ես արտաքին քաղաքանություն, որը դեմ է քո տնտեսական շահերին: Կուրսը պետք է փոխվի: Էս մարդիկ պետք է փոխվեն, որ այս պրոբլեմներից ազատվենք», – պնդեց նախկին նախագահը:

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, մասնավորապես, պնդել էր, թե հայ-ռուսական կոնֆլիկտը հրահրում են ռուսամետ ընդդիմադիր առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Տիգրանաշենի ճակատագրին՝ Քոչարյանն այսօր հայտարարեց. – «Մենք զիջելու տեղ էլ չունենք»:

Դահլիճից հարց էր հնչել՝ հունիսի 8-ին ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ: «Չի կարող Տիգրանաշենը լինի ադրբեջանցիները», – արձագանքեց երկրորդ նախագահը:

Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. – «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment