Սաղաթելյանը՝ Վայքում. «Եթե այս իշխանությունը մնաց, այս ճանապարհով չենք հասնի Վայք»

«Եթե էս իշխանությունը մնաց, ապա էս ճանապարհով չենք հասնի Վայք», – հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Վայքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ:

Սաղաթելյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ընտրվելու դեպքում հանձնելու է Տիգրանաշենը, և դիմեց Վայքի բնակիչներին. – «Եթե Փաշինյանը գա այստեղ, հարցրեք՝ Տիգրանաշենը ի՞նչ է անելու»:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններում Վայոց ձորի մարզը գրեթե 60 տոկոսով իր ձայնը տվել էր «Քաղաքացիական պայմանագրին», ու շատ ժամանակ չանցած՝ ադրբեջանցիները «հայտնվեցին Ջերմուկում»:

Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։

Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment