Ընտրակաշառք ստանալը, տալը և միջնորդությունը. ի՞նչ պատիժ է սպառնում

Որպես կանոն, ընտրակաշառքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, որը ենթադրում է քաղաքացուն գույք, դրամ, ծառայություն կամ այլ առավելություն առաջարկելը, տալը կամ ստանալը՝ հանրաքվեին կամ ընտրություններին որոշակի կերպ մասնակցելու կամ չմասնակցելու դիմաց,- տեղեկացնում է Iravaban.net։

Ընտրակաշառք ստանալը

ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը քրեականացնում է ընտրակաշառք ստանալը։ Հանցավոր է համարվում այն դեպքը, երբ անձը իր կամ այլ անձի համար ընտրակաշառք է ստանում, պահանջում, տալու առաջարկ է ներկայացնում կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունում՝ հանրաքվեին կամ ընտրություններին մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով։

Ընտրակաշառքի առարկան կարող է լինել՝ գույք, դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն։ Ընտրակաշառքը կարող է ստացվել ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով։

Այս հանցագործության համար օրենքը նախատեսում է ազատության սահմանափակում մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում մեկից երեք տարի ժամկետով։

Ուշադրություն. Եթե ընտրակաշառք ստանալը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատիժը խստացվում է՝ ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով։

Ընտրակաշառք տալը

ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ընտրակաշառք տալու համար։ Քրեորեն պատժելի է ընտրողին ընտրակաշառք առաջարկելը, խոստանալը կամ տալը՝ հանրաքվեին կամ ընտրություններին մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով։ Ընտրակաշառքը կարող է տրվել ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով։

Ընտրակաշառք տվող անձը պատժվում է ավելի խիստ՝ ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով։

Եթե ընտրակաշառք տալը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատիժը կազմում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով։

Ընտրակաշառքի միջնորդությունը

ՀՀ Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածը քրեականացնում է ընտրակաշառքի միջնորդությունը։ Միջնորդություն է համարվում՝ ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը, փոխանցելու խոստում տալը, փոխանցելը կամ համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը։

Ընտրակաշառքի միջնորդությունը պատժվում է տուգանքով տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով։

Ուշադրություն. Եթե ընտրակաշառքի միջնորդությունը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատիժը կազմում է ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, – տեղեկացնում է Iravaban.netը։

Սույն նյութում տեղ գտած տեղեկատվությունը հանդիսանում է ընդհանուր բնույթի տեղեկատվություն և չի կարող դիտվել որպես իրավական խորհրդատվություն:






Կարդացեք նաև՝


Leave a Comment