Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունների իրականացման գործընթացում։
Այս մասին հաղորդել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ անդրադառնալով Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև մի շարք մահմեդական երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված տեսակոնֆերանսին։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և հավատում է, որ Իրանի շուրջ առկա վիճահարույց հարցերը, այդ թվում՝ միջուկային ծրագիրը, կարող են լուծվել համապատասխան և փոխընդունելի ուղիներով։
Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ զարգացումները։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան մշտապես հանդես է եկել խնդիրների լուծման օգտին՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Նա նաև դրական է գնահատել Իրանի հետ դիվանագիտական գործընթացի այն փուլը, որի մասին հայտարարել էր Թրամփը՝ նշելով, որ հնարավոր համաձայնությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։
Էրդողանը կարևորել է նաև Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովումը՝ ընդգծելով, որ դա կթեթևացնի համաշխարհային տնտեսության վրա առկա ճնշումները։
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բանակցային գործընթացին աջակցող երկրներին և ընդգծել, որ Անկարան ցանկանում է տեսնել մի նոր տարածաշրջանային իրականություն, որտեղ երկրները չեն սպառնա միմյանց։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հնարավոր համաձայնագրի նախագիծը հիմնականում համաձայնեցված է։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հետ՝ քննարկելով Իրանի հետ խաղաղության վերաբերյալ հուշագրի նախագիծը։
