Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր հայտարարություններ են անում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, տարբեր հորդորներ ուղղում Երևանին՝ արագ կողմնորոշվելուց մինչև ակնարկներ քաղաքակիրթ ապահարզանի վերաբերյալ։ Արձագանքելով դրանց՝ հայ պաշտոնյաները վստահեցնում են, որ հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, բոլոր հարցերը քննարկելի են։
Քաղաքական հեռակա բանավեճը, սակայն, ընթանում է տնտեսական կոնկրետ քայլերի ու գործողությունների ֆոնին։ Վերջին 3 օրերի ընթացքում Մոսկվան հայտարարել է մի քանի ուղղությամբ հայկական արտադրանքի ներկրման նկատմամբ արգելքներ սահմանելու մասին։
Հայ-ռուսական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտնում․ սրա մասին են վկայում ռուսական կողմից հնչող հայտարարություններն ու ձեռնարկվող գործողությունները։ Մոսկվայի անհանգստություններն առարկայական դարձան հատկապես Երևանում կայացած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո, ռուս պաշտոնյաներին հիմք տվեց ենթադրելու, որ Հայաստանն անշեղորեն գնում է եվրաինտեգրման ճանապարհով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արևմուտքը փորձում է պատկերավոր ասած պոկել Հայաստանին՝ Ռուսաստանից։
«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»։
Նախօրեին էլ ՌԴ արտգործնախարարը հստակեցրել էր, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի հարցում որոշ հստակություններ կլինեն մայիսի վերջին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
«ԵՄ պնդում է Հայաստանին իր ուղեծիր ներքաշել, այդպիսով վտանգելով նաև կորցնելու այն օգուտները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Այս հարցերը ազնվորեն քննարկելու առիթ կլինի մայիսի վերջին շաբաթվա ընթացքում, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն գագաթնաժողովը»։
Ավելի վաղ՝ մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ, խոսելով Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհի մասին, ՌԴ նախագահն ակնարկել էր քաղաքակիրթ ապահարզանի մասին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՄ միանալու ծրագրերին՝ ճիշտ կլիներ, որ մեր, որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունք արագ կողմնորոշվել, օրինակ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին: Դրան համապատասխան էլ մենք եզրակացություններ կանենք և կգնանք փոխշահավետ ու քաղաքակիրթ ապահարզանի ճանապարհով»։
Արդեն հայտնի է, որ Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցի։ Դրան մեր երկիրը կներկայանա փոխվարչապետի մակարդակով, նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա։ «Ռուսաստանը գերտերություն է և մենք պետք է հարգանքով վերաբերվենք այդ երկրին, ինչն էլ մենք անում ենք»,-ասել է Հայաստանի վարչապետը՝
«Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը թե Հայաստանում և թե Ռուսաստանում բավականին մեծ է։ Բայց ես ինչպես ասել եմ մենք չենք վիճելու Ռուսաստանի հետ, չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է»։
Բազմաթիվ թելերով կապված ենք Ռուսաստանի հետ, բոլոր խնդիրները կլուծվեն գործընկերային, կառուցողական քննարկման մթնոլորտում՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին՝ պնդում են իշխանության ներկայացուցիչները։ Իսկ խնդիրներն այս փուլում տնտեսական դաշտում են։ Վերջին երկու օրերի ընթացքում Մոսկվան հայտարարել է մի քանի ուղղություններով արգելքների մասին։
Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ հանքային ջրի ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:
«Ռոսսելխոզնադզոր»-ն ավելի վաղ սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ, իսկ վերջին հայտարարությամբ տեղեկացնում է, որ դադարեցվել է հայկական երեք ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը։ «Վեդի Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան», և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած կոնյակներն ու գինիները, ըստ ռուսական ընկերության, չեն համապատասխանում պարտադիր պահանջներին։
Ի դեպ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը, որը հայ մասնագետների հետ ստուգումներ է իրականացնում բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Ստուգումներ են իրականացվում նաև ձկնաբուծական արտադրություններում՝ պարզելու, թե որքանով է արտադրանքը համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։