Խնամատարության համակարգի բարեփոխումների համար սահմանվում են միասնական կանոններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Խնամատարության հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման, խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը, խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման, հաշվետվությունների կազմման, տեղեկատվական համակարգի վարման կարգը և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով սահմանվում են խնամատարության համակարգի կազմակերպման, կառավարման և վերահսկման միասնական կանոններ՝ ներառյալ հանրային իրազեկման, խնամատար ընտանիքների ներգրավման, մասնագետների վերապատրաստման, տեղեկատվական համակարգի վարման և պայմանագրային հարաբերությունների կարգավորումները։

Նախագծի ընդունումը պայմանավորված է խնամատարության համակարգի միասնական և արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ ապահովելու խնամատար ծնողների ընտրության, գնահատման, պատրաստման և գործընթացի կառավարման միասնական չափանիշներ։

Ակտը բխում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի պահանջներից և նպատակ ունի բարձրացնել խնամատարության համակարգի արդյունավետությունն ու որակը։

Ներկայում խնամատարության համակարգում առկա են մի շարք համակարգային բացեր, մասնավորապես՝

  • բացակայում է խնամատարության վերաբերյալ միասնական մեթոդաբանություն,
  • հանրային իրազեկման գործընթացները բավարար չափով համակարգված չեն,
  • խնամատար ծնողների ներգրավման և գնահատման ընթացակարգերը ամբողջական կարգավորված չեն,
  • մասնագետների վերապատրաստման միասնական մոդուլներ չեն գործում,
  • տեղեկատվական համակարգի վարման և հաշվետվողականության կարգավորումները լիարժեք չեն,
  • բացակայում են խնամատարության պայմանագրերի միասնական օրինակելի ձևերը։

Նախագծով առաջարկվում է սահմանել՝

  • խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման ընթացակարգեր՝ նպաստելով համակարգի հասանելիության և ընտանիքների ներգրավման ընդլայնմանը,
  • խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման և վերապատրաստման մոդուլներ՝ ապահովելով միասնական մասնագիտական մոտեցումներ,
  • խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման և վերապատրաստման ծրագրեր՝ ապահովելու երեխայակենտրոն խնամքի բարձր որակ,
  • տեղեկատվական համակարգի վարման և տվյալների մուտքագրման կարգ՝ ապահովելու գործընթացի հաշվառման և վերահսկման արդյունավետություն,
  • խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևեր՝ միասնական իրավակիրառ պրակտիկայի համար,
  • խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ներկայացվող պահանջներ՝ ապահովելու երեխայի լավագույն շահերից բխող անվտանգ և կայուն ընտանեկան միջավայր։

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է՝

  • բարելավել խնամատարության համակարգի կազմակերպման որակը,
  • բարձրացնել խնամատար ընտանիքների ներգրավվածությունը,
  • ապահովել մասնագետների միասնական պատրաստվածություն,
  • բարելավել տեղեկատվության կառավարումը և հաշվետվողականությունը,
  • ամրապնդել երեխայի լավագույն շահերի պաշտպանության մեխանիզմները,
  • ապահովել խնամատարության գործընթացի թափանցիկություն և արդյունավետություն։

Նախագիծը բխում է՝

  • Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից,
  • ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրից,
  • ոլորտային ռազմավարություններից,

ինչպես նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի N 101-Ա որոշման Հավելվածի 18-րդ կետից։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Leave a Comment