2026-ի Մոնտիալին մասնակցող գլխաւոր ազգային խումբերէն Պրազիլ վերջերս յայտարարեց իր 26 անդամներուն անունները:
Սպասուածին նման, աշխարհահռչակ Նէյմար նկատի առնուեցաւ իտալացի մասնագէտ Քարլօ Անչելոթթիի կողմէ, մինչ Ռիչարլիսոնի, Ժոաօ Փետրոյի եւ Անթոնիի նման մարզիկներ բացակայեցան:
Բերդապահներու գծով, Լիվըրփուլի բերդապահ Ալիսոն Պեքըր, որ իր ակումբի վերջին 10 մրցումներէն բացակայեցաւ վիրաւոր ըլլալուն պատճառով, նկատի առնուեցաւ, Մանչեսթըր Սիթիի նախկին եւ Ֆեներպահչէի այժմու մարզիկ Էտերսոնի հետ: Երրորդ բերդապահը պիտի ըլլայ Վեվերթոն, որ Կրեմիօ ակումբին բերդապահն է:
Յետսապահներու խմբակին մաս կը կազմեն Ալեքս Սանտրօ, Տանիլէ եւ Լէօ Փերէյրա (բոլորն ալ` Ֆլամենկօ), Պրեմեր (Եուվենթուս), Իպանես (Ահլի), Ուեզլի (Ռոմա), Մարքինիոս (Փարիզ Սեն Ժերմեն), Կապրիէլ (Արսենալ) եւ Տուկլաս Սանթոս (Զենիթ):
Միջնապահներուն մաս կը կազմեն Պրունօ Կիմարայեշ (Նիւքեսըլ), Քասեմիրօ (Մանչեսթըր Եունայթըտ), Տանիլօ Սանթոս (Պոթաֆոկօ), Ֆապինիօ (Իթթիհատ) եւ Լուքաս Փաքիթա (Ֆլամենկօ):
Յառաջապահներուն մաս կը կազմեն Էնտրիք (Լիոն), Կապրիէլ Մարթինելլի (Արսենալ), Իկոր Թիակօ (Պրենթֆորտ), Մաթէուս Քունիա (Մանչեսթըր Եունայթըտ), Ռաֆինիա (Պարսելոնա), Վինիսիուս Ժունիոր (Ռէալ Մատրիտ), Լուիս Հենրիքէ (Զենիթ), Նէյմար (Սանթոս) եւ Ռայան (Պորնմաութ):
«Յիշեցէք իմ խօսքերս. այս Մոնտիալին մենք մէկ ամբողջութիւն պիտի ըլլանք: Մենք մեր բոլոր ուժերը պիտի ներդնենք: Մենք պէտք է տիտղոսը վերադարձնենք Պրազիլ», ըսաւ ինքնավստահ Նէյմար: