Թիրախից շեղված ԱԹՍ-ներ և խուճապ Եվրոպայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինան ափսոսանք է հայտնել

Բալթյան պետությունների երկնքում հայտնված ուկրաինական անօդաչուները խուճապ են առաջացրել: Տուժածներ և ավերածություններ չկան, սակայն բուն փաստը հանրությունն ընկալել է որպես հակաօդային պաշտպանության թերի աշխատանքի վկայություն:

Ուկրաինան ափսոսանք է հայտնել: Ըստ Կիևի, ռուսները կարողացել են ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով շեղել անօդաչուները թիրախներից և ուղղել դրանց թռիչքը դեպի Բալթյան երկրներ:

Ռուսներն, իրենց հերթին, պնդում են, թե ուկրաինացիներն, իբր Բալթյան երկրների տարածքից են դրոններ արձակում Ռուսաստանի ուղղությամբ: Ռուսները որևէ ապացույց չեն ներկայացրել:

Ծխնելույզը և վառելիքի պահեստը

Երեկ տեղի ունեցածն առաջին նման միջադեպը չէ, անցած ամիսներին էլ վտանգավոր պատահարներ են եղել, դրանց մասին հաղորդել է Associated Press-ի թղթակից Էմմա Բարոուզը:

«Էստոնիայում ուկրաինական անօդաչու է ընկել է էլեկտրակայանի ծխնելույզը, Լատվիայում հարվածել է վառելիքի դատարկ պահեստին, Լիտվայում ռումինական մարտական օդանավն է հարվածել դրոնին ու վնասազերծել այն»,- ասվում է Բարոուզի ռեպորտաժում:

Այդ միջադեպերն ուղղակի կամ անուղղակի կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Եվրոպացիները, մանավանդ, Հին մայրցամաքի արևելյան մասի լիդերները պատերազմի առաջին օրերից են ահազանգել, որ առճակատումը՝ միտումնավոր թե պատահմամբ, կարող է հասնել Բալթյան երկրներ, Լեհաստան՝ այն տարածք, որը ժամանակին գտնվել է կոմունիստական կայսրության ազդեցության գոտում, ապա միացել է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին:

Վիլնյուսում՝ օդային տագնապի ազդանշան

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին անգամ տագնապ է հայտարարվել են Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:

Տագնապի պատճառը հարևան Բելառուսի հետ սահմանի շրջանում անօդաչուների ակտիվ թռիչքներն են դարձել:

Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի պատգամավոր Զիգիմունտաս Պավիլիոնիսի փոխանցմամբ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստն ընդհատվել է, հնչել է օդային տագնապի ազդանշան և հրահանգ՝ շտապ իջնել ռմբապաստարան:

Վիլնյուսի օդակայանի աշխատանքը նույնպես դադարեցվել է: Նախագահ Գիտանաս Նաուդեսային և վարչապետ Ինգա Ռուգինիենեին փոխադրել են պաշտպանված տեղ, որի հասցեն հայտնի չէ:

«Պատերազմը գալիս է մեր տարածք»

Պատգամավոր Զիգիմունտաս Պավիլիոնիսի փոխանցմամբ սա հիրավի վատ ազդանշան է:

«Պետք է վկայակոչեմ մի գերմանացի քաղաքական գործչի, որի հետ երեկ եմ հանդիպել, նա ասաց. «Պատերազմը գալիս է մեր տարածք»: Առանց հարցական նշանի ասաց: Ուստի, եթե պատերազմ է գալու՝ մենք պետք է պատրաստ լինենք: Պարտավոր ենք ամեն բան անել անհրաժեշտ ռմբապաստարաններ ստեղծելու, ՀՕՊ-ը հզորացնելու և հակահարված տալու համար, ընդ որում շատ ժամանակ չունեն»,- ասել է լիտվացի օրենսդիրը:

Լեհաստանը՝ տարածաշրջանի ռազմական լիդեր

Լեհաստանը հավաստիացրել է, որ Էստոնիայում կտեղակայի մարտական օդանավեր: Այդ մասին ասել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Ես ամեն ինչ կանեմ, որ լեհ օդաչուները պաշտպանեն մեր հարևաններին, մեր բարեկամներին՝ Էստոնիան, Բալթյան երկրները: Սա մեր պարտավորությունն է: Մենք ենք տարածաշրջանի լիդերը»,- հայտարարել է Կոսինյակ-Կամիշը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրն ամրապնդում է պաշտպանական կարողությունները հյուսիսային հատվածում՝ Բելառուսի սահմանի երկայնքով նոր հարձակումներ սկսելու մասին Ռուսաստանի հնչեցրած սպառնալիքներից հետո։

Leave a Comment