Հայաստանում խորհրդարանական քարոզարշավն ընթանում է աճող լարվածության ու սրվող հռետորաբանության պայմաններում։ Ընտրապայքարն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ նաև իրավական և հասարակական բուռն արձագանքներ առաջացնող զարգացումներով։ Իրավիճակը մտահոգում է տեղական ու միջազգային կառույցներին։ ԵԽԽՎ դիտորդները, մասնավորապես, զգուշացնում են՝ սաստկացող բևեռացումն ու թեժացող հռետորաբանությունը կարող են լրջորեն ազդել ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վստահության վրա։ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը մայիսի 11-ից 12-ը Երևան կատարած երկօրյա այցից հետո ներկայացրել է միջանկյալ դիտարկման արդյունքները։
Բառապաշարը կոշտանում է, փոխադարձ վիրավորանքներն ու սպառնալիքները՝ ավելանում․ խորհրդարանական քարոզարշավի խոսույթը վերջին օրերին պարբերաբար հատում է այն սահմանները, որոնք սովորաբար «կարմիր գծեր» են համարվում։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի նկատմամբ։ Նա կալանավերվել է 2 մասով։ Օսիպյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ բռնության կոչ, խուլիգանություն և քարոզչության խոչընդոտում։ Առիթը մայիսի 18-ին Արաբկիրում իշխող ուժի քարոզչության ժամանակ արձանագրված միջադեպն է։
Իրավապահների պնդմամբ՝ դեռ մարտին Օսիպյանը Ֆեյսբուքում քաղաքական շարժառիթներով բռնության կոչեր է հնչեցրել։ Իսկ արդեն մայիսի 18-ին Արաբկիրում փորձել է տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը, բակում հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ է հնչեցրել ու խաթարել հասարակական կարգը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և քաղաքացիական հասարակության մի շարք այլ կազմակերպություններ դատապարտել են արցախցի գործչի կալանավորումը՝ քրեական հետապնդումն անօրինական և «քաղաքականապես մոտիվացված» որակելով։
Հայտարարությամբ կազմակերպությունները պահանջում են։
«Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա»։
Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են բացառել ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։
Քարոզարշավի թեժացող մթնոլորտի կապակցությամբ մտահոգություններ ունեն նաև տեղական ու միջազգային դիտորդները։
Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտության պատճառով, իսկ բոլոր թեկնածուների համար պետք է հավասար մրցակցային պայմանների ապահովվեն ՝ հայտարարում է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը։
2026 թվականի մայիսի 11-ից 12-ը Երևան կատարած երկօրյա այցից հետո պատվիրակությունը միջանկյալ ամփոփմամբ ընդգծել է՝ արտաքին միջամտությունը դուրս է եկել ավանդական ապատեղեկատվության շրջանակներից և այժմ ներառում է անօրինական քաղաքական ֆինանսավորում, կիբերհարձակումներ, տնտեսական ճնշումներ և ընտրական գործընթացի ուղղակի մանիպուլյացիայի փորձեր։ Պատվիրակությունը կարծում է, որ հիբրիդային մեթոդների նպատակը ոչ միայն հանրային կարծիքի վրա ազդելն է, այլ նաև Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցություն ապահովելը։
ԵԽԽՎ պատվիրակները մտահոգիչ են համարել նաև քաղաքական հակառակորդներին, լրագրողներին ու քաղհասարակության կազմակերպություններին ուղղված մեղադրանքներն ու ապատեղեկատվության ակտիվացումը։ Նրանք կարծում են, որ «օտարերկրյա գործակալ» լինելու մեղադրանքները վտանգում են հանրային վստահությունը։
«Այս մարտավարությունը կարող է խաթարել խոսքի ազատությունը և խոչընդոտել ժողովրդավարական մասնակցությունը: Կենսունակ և անկախ քաղաքացիական հասարակությունը կարևոր է ժողովրդավարական ընտրությունների համար և պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից»։
Նախընտրական պատվիրակությունը մտահոգիչ խնդիրների շարքում առանձնացնում է քաղաքական բևեռացման աճը, մարդկանց ցածր վստահությունը պետական կառույցների նկատմամբ և քաղաքական կյանքի հանդեպ հետաքրքրության նվազումը, հատկապես՝ երիտասարդների շրջանում։
Պատվիրակությունն արձանագրում է՝ տեղեկություններ է ստացել քարոզարշավի կոշտ հռետորաբանության և վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների ճնշման և ընտրակաշառքի վերաբերյալ, որոնք երբեմն իրականացվում են քողարկված, որպես բարեգործություն։
«Ծայրահեղ բևեռացած քաղաքական իրավիճակում առանձին խմբերին պիտակավորող բառապաշարը հանգեցնում է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի խորացմանը և հատկապես անընդունելի է, երբ այդ խոսույթի կիրառողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և մասնավորապես՝ ՀՀ Վարչապետը»։
Դիտորդները հիշեցնում են՝ նախընտրական քարոզարշավը ընտրողների հետ շփման և նրանց մտահոգություններն ուղիղ լսելու բացառիկ հնարավորություն է։ Այդ հնարավորությունը չպիտի օգտագործվի առանձին խմբերի պիտակավորման, մարգինալացման կամ զոհականացման համար։ Հավելում են նաև, որ քաղաքական գործիչները և հատկապես պաշտոնատար անձինք պարտավոր են առավել հանդուրժող լինել քննադատական խոսքի նկատմամբ։