
Արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» ցուցահանդեսը բացվել է ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Լևոն Լաճիկյանը գտնում է, որ Պոլսին պետք է նայել ոչ միայն Եղեռնի համատեքստում, այլև հաշվի առնելով, որ այս քաղաքը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։
Դրա վառ ապացույցն են պոլսահայ մեծանուն գործիչները, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել ոչ միայն հայկական արվեստի, այլև օսմանյան մշակույթի զարգացման գործում։
Ինչ վերաբերում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ապա կազմակերպությունն ամեն կերպ աջակցել է Օսմանյան կայսրության հայությանը թե՛ Մեծ եղեռնից առաջ, թե՛ դրանից հետո և թե՛ հետագա բոլոր դժվարին ու բախտորոշ պահերին։
Այսօր ՀԲԸՄ-ն շարունակում է իր հայապահպան առաքելությունը. նրա մասնաճյուղերն ակտիվորեն գործում են աշխարհի 22 երկրների 80 քաղաքներում։